ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը դժվարացավ ասել, թե ինչու Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը և նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը չեն այցելել Եռաբլուր՝ մասնակցելու Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին։
Հարցին՝ արդյոք պատճառների մասին որևէ տեղեկություն ունի, Բալայանը միայն կարծիք հայտնեց, որ Արցախի ղեկավարության ներկայացուցիչները պետք է ներկա լինեին։ Բալայանը նաև չկարողացավ ասել, թե արդյոք Սամվել Շահրամանյանը կմասնակցի Արցախի ներկայացուցչությունում նախատեսված հանդիպմանը։
Վահրամ Բալայանն անդրադարձավ նաև Արցախի հարցի շուրջ առկա առաջնահերթություններին՝ նշելով, որ այս պահին հիմնական նպատակը ոչ այնքան Արցախի միջազգային ճանաչման հասնելն է, որքան արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու նրանց հայրենիք վերադառնալու հնարավորության ապահովումը։
«Արցախահայությունը ունենա հնարավորություն վերադառնալ իր հայրենիք, իր օջախ և ապրի իր տանը»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացին, Բալայանը նշեց, որ այն փակուղում չէ, և այժմ շարունակվում են քաղաքական ուժերի միջև խորհրդակցությունները։ Նրա խոսքով՝ քննարկվում են հնարավոր թեկնածուները, քաղաքական ուժերի դիրքորոշումները և հասարակական տրամադրությունները, սակայն այս պահին թեկնածուներ պաշտոնապես առաջադրված չեն։ Արցախ վերադարձի հնարավոր մեխանիզմների վերաբերյալ Բալայանը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ անվտանգության պայմանների և ճանապարհային քարտեզի մանրամասները դեռևս հանրայնացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա ընդգծեց միայն, որ վերադարձող արցախահայերը պետք է ունենան այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան իրենց հայրենիքում և տանը անվտանգ ու բնականոն կյանքով ապրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան