Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը ժամանակավորապես սառեցվել է։ Այդ մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը։
«Չկա խնդիր, թե Արցախի ԱԺ պատգամավորները չեն հավաքվում այդ հարցի համար: Լուրջ քննարկումներ են ընթանում, որտեղ հաշվի են առնվում բոլոր քաղաքական և հանրային հարցերը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ այդ հարցը ժամանակավոր սառեցրել ենք»,- ասել է Բաղունցը, հայտնում է Sputnik Արմենիան:
Անդրադառնալով Արցախի հարցին՝ Բաղունցն ընդգծել է, որ այն շարունակում է մնալ իրենց օրակարգում և ունի սոցիալական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար բնույթ։
«Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, բայց այսօր, նկատի առնելով Հայաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքները, մեր քայլերը հաշվարկված են»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե ինչու չի հաջողվել ընտրել Արցախի նախագահ, ինչպես նաև ինչու պատգամավորները չեն հավաքվում այդ հարցերը լուծելու համար:
«Ինձ գաղտնիք մնաց՝ որտեղի՞ց է այդ տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները չեն հավաքվում, քվորում չի ապահովվում։ Նման խնդիր չկա։
Կան բավականին լուրջ քննարկումներ, որոնք նկատի են առնում մեր ամբողջ պոտենցիալը՝ թե քաղաքական, թե հանրային և հաշվի են առնում Հայաստանում տիրող մթնոլորտը և այն մարտահրավերները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում։ Մենք բոլոր այդ հանգամանքները նկատի առնելով՝ ժամանակավոր այդ հարցը սառեցրել ենք։ Բռնի տեղահանումից և Հայաստան տեղափոխվելուց հետո մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք և ծրագրավորում ենք՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ մենք կորցրել ենք Արցախը, փորձում ենք մեր բոլոր քայլերը պլանավորենք այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանին»,-ասել է նա:
Հարցին, թե Հայաստանի իշխանությունների կողմից ճնշումներ եղե՞լ են Արցախի ինստիտուտների պահպանման և ընտրությունների կազմակերպման հարցերում, Բաղունցը պատասխանել է. «Երևի ինքներդ այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեք՝ դիտելով այն ելույթները, հայտարարությունները, որոնք հնչում են տարբեր հարթակներում։ Մենք պատրաստ ենք նման ճնշումների»։
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի կապակցությամբ այց է կազմակերպվել Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհվել «Արցախի կանչը» հուշակոթողին։ Հուշահամալիրը կառուցվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջոցներով։
«Արցախի կանչը» հուշահամալիրը բացվել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այն նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։