Դատարանը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկու ամսվա կալանքը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Խաչատրյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 1-ին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման գործով իրականացված խուզարկություններից հետո։ Նրան դատարան են հասցրել պատգարակով։ Փաստաբանների պնդմամբ՝ 71-ամյա Խաչատրյանը չի ստանում պատշաճ բժշկական օգնություն։ Նրանք հայտնում են, որ վերջին երեք ամսում նրան արդեն երկրորդ անգամ են կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխում քննչական գործողությունների մասնակցելու համար։
Համացանցում հայտնված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արդեն ընթացակարգ է սկսել։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելում են քրեակատարողական հիմնարկ՝ ՊԵԿ նախկին նախագահի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովման հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Պաշտպանը նաև պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից, որոնց ստացումից հետո կներկայացվի պաշտոնական դիրքորոշում։