ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ շարունակվում են TRIPP ծրագրի տեսլականն իրականություն դարձնելուն ուղղված աշխատանքները։ Այդ մասին ասվում է TRIPP Հայաստան ֆեյսբուքյան էջում:
Հայաստանյան կողմից մասնակցել են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը։
Նրանք հանդիպելու են ՏԻՄ ներկայացուցիչների, համայնքների բնակիչների հետ՝ անդրադառնալու նրան, թե ինչպես TRIPP-ը կարող է ամրապնդել տարածաշրջանային փոխկապակցվածությունը և նոր հնարավորություններ բացել՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Պաշտոնյաները նաև կայցելեն TRIPP երթուղու նախատեսվող վայրեր՝ Մեղրիի մոտակայքում։
2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։