Բացահայտվել են Գյումրիում կատարված բնակարանային գողությունները․ երկու անձ ձերբակալված է, մեկը հետախուզվում է


Օգոստոսի 7-ի երեկոյան ոստիկանություն ահազանգ է ստացվել Գյումրու Շերամի թաղամասի բնակարաններից մեկից գողության վերաբերյալ։ Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։


ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ գողությունը կատարվել է ցերեկային ժամերին, երբ բնակարանում ոչ ոք չի եղել։ Հանցագործները հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և այնտեղից գողացել գումար ու զարդեր։


Նույն օրը նմանատիպ մեկ այլ ահազանգ է ստացվել։ Այս դեպքում ևս, օգտվելով բնակարանում մարդկանց բացակայությունից, հարմարեցված բանալիով բացել են Գյումրու Գորկու փողոցի բնակարաններից մեկի դուռը և գողացել 3 հազար ԱՄՆ դոլար, 180 հազար դրամ ու ոսկեղեն։


Երկու դեպքերի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Իրավապահների վարկածը, որ երկու գողությունները կատարել են նույն անձինք, օրեր անց հաստատվել է։


Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ բնակարանային երկու գողություններն էլ կատարել են Վանաձորի երկու բնակիչներ։ Ըստ ձեռք բերված տվյալների՝ նրանց օժանդակել է Գյումրու Շերամի փողոցի 37-ամյա բնակիչը։


Օգոստոսի 20-ին Շիրակի մարզային քննչական վարչության, Քրեական ոստիկանության Շիրակի և Լոռու մարզային վարչությունների ծառայողները խուզարկություններ են իրականացրել վանաձորցիների բնակության վայրերում։ Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են դուռ բացելու հատուկ սարքեր և հարմարեցված բանալիներ։


Նույն օրը Վանաձորի Լանջային փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է Վանաձորի 34-ամյա բնակիչը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։


Ձերբակալվել է նաև հանցագործություններին օժանդակելու մեջ կասկածվող Գյումրու 37-ամյա բնակիչը։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


Միաժամանակ 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Դիտումների քանակ1

Leave a comment