ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1Lurer.am-ը:
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը սկսել է ուսումնասիրել համացանցում տարածված տեսանյութերը, որոնցում Գագիկ Խաչատրյանին դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները պատգարակով տեղափոխում են դատարան։ Այս մասին տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակից, հայտնում է Factor.am-ը:
«Հարցին առնչվող հանգամանքների ուսումնասիրության, այդ թվում` իրավասու մարմիններից պաշտոնական պարզաբանումներ ստանալուց հետո հնարավոր կլինի խոսել ՄԻՊ հաստատության դիրքորոշման մասին»,- ասել են ՄԻՊ գրասենյակից:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ողնաշարին տեղադրված իմպլանտը տեղաշարժվել է և սուր ցավեր առաջացրել։ Այս մասին դատարանի մոտ ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Նա ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն ունի, բայց երբ վիճակը սրվում է, դա ծայրաստիճան ցավոտ է դառնում: Նրա ողնաշարին տեղադրված է իմպլանտ, որը շարժվել է, և ցանկացած շարժում սուր ցավեր է առաջացնում: Նրա վիճակն աստիճանաբար վատթարացել է, ու հիմնական հիվանդությունից բացի, նա ունի ուսահոդերի պատռվածքներ, և այս ամենը վիրահատական միջամտություն է պահանջում»,– ասաց Սարգսյանը։
Սարգսյանն անդրադարձել է նաև Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելուն՝ նշելով, որ սա արդեն նման երրորդ դեպքն է եղել։ Նրա խոսքով՝ նախկինում և այսօր հրապարակված տեսանյութերը բովանդակային առումով գրեթե նույնական են եղել։
«Հունիսին ճիշտ նույն կերպ գալիս են Գագիկ Խաչատրյանի մոտ, սավանով բարձրացնում են մահճակալից, տեղափոխում քննչական մարմին, այնտեղ պահում են ճիշտ նույն ձևով, նույն դիրքում, ապա բերում են դատարան՝ կալանավորման: Դատարանը մերժում է միջնորդությունը և որոշման մեջ գրում, որ նման վիճակում կալանավորումը կարող է խոշտանգման հիմքեր պարունակել: Նույն օրը նրան պետք է ազատ արձակեին ձերբակալությունից, սակայն դա տեղի չունեցավ: Նրան նոր մեղադրանք են առաջադրում՝ ինչ ուզում են և երբ ուզում են, ու նորից պատգարակով բերում են դատարան: Երկրորդ դատավորը նույնպես մերժում է կալանավորման միջնորդությունը և նշում, որ նման վիճակում գտնվող մարդուն անազատության մեջ պահելը կարող է խոշտանգում լինել»,– ընդգծեց Սարգսյանը։
Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված 21 ընկերությունների գրասենյակներում ու մասնաճյուղերում գործողություններ են իրականացվել։ Դրանք կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։