«Հրապարակ». ՏԻՄ ընտրությունների հետ կապված անհանգիստ է նաև իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաև՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երևան` Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին և անգամ իրենց լրատվամիջոցներով տարածեցին, թե ձերբակալվել է: Նա 2016-ից համայնքապետ է, վերջին անգամ «Ապրելու երկիր» կուսակցությամբ է առաջադրվել: Մի հին գործով հարցաքննության էր հրավիրվել, ապա հետ գնացել:
Այս օրերին «ուսումնասիրում» են նաև Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի ունեցվածքը, բիզնես կապերը։ Այս 2 համայնքապետն էլ իրենց համայնքներում մեծ հեղինակություն են վայելում և եթե առաջադրվեն, ՔՊ-ն համարժեք մրցակից չի կարողանա առաջադրել, իսկ ՏԻՄ ընտրություններում հաղթանակի կեսը համայնքապետի թեկնածուի անձն է: Հիմա իշխանությունը փորձում է վախեցնել գործող համայնքապետերին` կա՛մ իր կողմ տանել, կա՛մ թույլ չտալ, որ առաջադրվեն»։