Փաշինյանն արձանագրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են երկու երկրների համար էլ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին Բիշքեկում կայացած հանդիպումը։
«Ես շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մենք պայմանավորվեցինք շարունակել անկեղծ ու կառուցողական զրույցը Մոսկվա իմ կատարելիք առաջիկա այցի ընթացքում», – հայտարարել է նա։
Փաշինյանն արձանագրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են երկու երկրների համար էլ։
«Մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին։ Ռուսաստանի Դաշնությունը՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, նույնպես խնամքով է վերաբերվում դրանց։ Բայց պետք է նաև արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում անհրաժեշտություն կա վերաձևակերպել այդ հարաբերությունները։ Ես համոզված եմ, որ այդ վերաձևակերպման արդյունքում հարաբերությունները կլինեն ավելի լավը, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ», – ասել է ՀՀ վարչապետը։