Պուտին․ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք կգնանք նույնիսկ վաղը

Պուտին․ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք կգնանք նույնիսկ վաղը (տեսանյութ)

Վլադիմիր Պուտին

Գիտեք, ես չեմ ցանկանում փորփրել ոչ վաղ անցյալի մեջ, բայց ամեն ինչ, ի վերջո, սկսվեց Ղարաբաղի խնդիրներից։ Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթ և ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այդ պահից մեր դիրքորոշումն այս հարցում շատ երկակի բնույթ ստացավ։ Մենք ի՞նչ է, կարող ենք կամ պե՞տք է միջամտենք Ադրբեջանի ներքաղաքական գործերին։

Արևմուտքը շատ ակտիվորեն ասում էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, և ինձ ասում էին․ «Մենք այնպես կանենք, որ կապահովենք այնտեղ բնակվող հայ բնակչության իրավունքներն ու շահերը»։ Ես ասում էի․ «Դուք ոչինչ չեք ապահովի, մարդիկ պարզապես կհեռանան, և վերջ»։ Թեև նախագահ Ալիևը այդ մարդկանց ոչ մի վատ բան չի անի։ Նա ժամանակակից, ինտելիգենտ մարդ է, կփորձի ապահովել նրանց շահերը, բայց նրանք, միևնույն է, չեն մնա։ Այդպես էլ եղավ։

Ես չեմ ցանկանում որևէ մեկին որևէ բանում մեղադրել։ Իրադարձությունների տրամաբանությունն այնպիսին էր, ինչպիսին կար։ Բայց Հայաստանի գործող ղեկավարության այս որոշման մեջ, հնարավոր է, կան նաև որոշակի դրական կողմեր, որովհետև այս իրավիճակը կարծես ամբողջությամբ բացահայտում է, կարելի է էջը շրջել և առանց որևէ կոնֆլիկտի առաջ գնալ, մարդկանց նոր վայրում տեղավորել, ապաշրջափակել ենթակառուցվածքները, նոր կյանք սկսել տնտեսության մեջ, սահմանները բացել ներդրումների համար և այլն։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանը, եթե դուք որոշել եք շարժվել դեպի ԵՄ՝ խնդրեմ, դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է։ Մեզ հայ ժողովրդի հետ պատմականորեն կապում են բարեկամության և նույնիսկ ավելի խորը կապեր։ Բայց պարզապես միաժամանակ գտնվել և՛ մեկ, և՛ մյուս կազմակերպությունում հնարավոր չէ։ Դա պարզապես անհնար է։ Մենք ունենք տարբեր բուսասանիտարական նորմեր, տարբեր տեխնիկական ստանդարտներ։ Շատ բաներ ունենք, որոնք անհամատեղելի են, համենայն դեպս՝ այսօրվա դրությամբ։

Երբ վարչապետն ասաց, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չենք ներկայացրել, ես ասացի․ ինչպե՞ս թե, եթե դուք օրենք եք ընդունել ԵՄ-ին անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին, նշանակում է՝ մեզ հայտարարել եք, որ ինչ-որ հեռանկարում դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից։

ԵԱՏՄ-ի շրջանակում աշխատելով՝ Հայաստանը, իհարկե, բավական մեծ արտոնություններ է ստանում։ Մեր շուկան է, այնտեղ օբյեկտներ են կառուցվում, բազմաթիվ արտոնություններ կան։

Օգտվելով մեզ հետ աշխատանքի այս արտոնություններից՝ երկիրը ձգտելու է, որոշակի չափով օգտագործելով ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ համագործակցության բոլոր օգուտները, հեռանալ այստեղից։ Թող հիմա ազնվորեն ասեն՝ ինչ են ուզում, որոնք են նրանց նպատակները։

Մենք պայմանավորվեցինք երկխոսությունը հանգիստ ռեժիմով վարել։ Նիկոլ Վովաևիչն առաջարկեց մեր համատեղ աշխատանքը յուրաքանչյուր ուղղությամբ մանրակրկիտ վերլուծել։ Ես համաձայն եմ դրա հետ։ Ես նրան հրավիրեցի Մոսկվա, որպեսզի առանց շտապելու՝ երկուսով, նրա մասնագետների և մեր կառավարության մասնագետների հետ նստենք և անցնենք յուրաքանչյուր կետով։

Այստեղ կան նաև կոնկրետ հարցեր։ Օրինակ՝ երկաթուղին։ Այն մեզ մոտ վարձակալության տակ է, կոպիտ ասած։ Հարցը դրա զարգացումն է։ Բայց նման ենթակառուցվածքում ներդրումները կախված են փոխադրումների ծավալից․ կա փոխադրումների ծավալ՝ կլինեն ներդրումներ՝ և՛ մեր, և՛ ցանկացած այլ ներդրողի կողմից, չկա փոխադրումների ծավալ՝ ներդրումներ չեն լինի, զարգացում չի լինի։

Աստված տա՝ բոլոր ռազմական գործողությունների, պատերազմի հետ կապված իրավիճակի ավարտից հետո ամեն ինչ այլ կերպ ընթանա, բացվի Թուրքիայի սահմանը, այլ ուղղություններով էլ բացվի, և հնարավոր է՝ բեռնահոսք առաջանա։ Եթե այն առաջանա, այդ ներդրումները կարող է անել ցանկացած մեկը, և Ռուսաստանը նույնպես կարող է անել։ Հարցն այն է՝ տնտեսական նախագիծը «աշխատո՞ւմ է», թե՞ ոչ։ Բայց, ի վերջո, սա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան որոշումն է։

Այդ թվում՝ առավել ևս, դա վերաբերում է ռազմաբազային։ Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք նույնիսկ վաղը կհեռանանք։ Հայաստանը դրան պատրա՞ստ է։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ պարտադրել չենք պատրաստվում։

Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ինչ-որ ռուսական ռազմական «թև» լինի իր կողքին, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ նույնպես իր պատմությունն ունի։ Նիկոլ Վովաևիչը, թեև ասում է՝ «պետք չէ այդ մասին հիշել», բայց ինչպե՞ս չհիշել։ Նա կարծում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է ծածկի սահմանի որոշակի հատվածներ։ Իսկ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն ասում են՝ ոչ, դա բոլորովին այլ պատմություն է։

Չկա սահմանների դելիմիտացիա, չկա սահմանների վերաբերյալ որևէ պայմանագիր։ Ադրբեջանը համարում է, որ սահմանն անցնում է այս հատվածով, իսկ Հայաստանը համարում է, որ՝ այս։ Իսկ որտե՞ղ է պայմանագիրը։ Ոչինչ չկա։

Եվ ինչպե՞ս պետք է մենք կառուցենք այդ հարաբերությունները։ Այստեղ կան բազմաթիվ հարցեր, որոնք իսկապես փորձագիտական գնահատականի կարիք ունեն։ Եվ ես սպասում եմ վարչապետին, ինչպես պայմանավորվել ենք, Մոսկվայում։ Մենք այս ամենը կքննարկենք։

Leave a comment