Պատերազմը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան


Իրանի նախագահը հայտարարել է՝ եթե Միացյալ Նահանգները կատարի Փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, Թեհրանն անմիջապես կարձագանքի: «Ի տարբերություն Ամերիկայի՝ իմ երկիրն ունի միջազգային պարտավորությունները կատարելու հիանալի փորձ և միշտ հավատարիմ է եղել միջազգային իրավունքի սկզբունքներին»,- շեշտել է Մասուդ Փեզեշքիանը։ Նրա խոսքով՝ պատերազմը չի բխում կողմերից որևէ մեկի շահերից, և Թեհրանը պատրաստ է կարգավորել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը բանակցությունների միջոցով:

Իրանի շուրջ իրավիճակը մեկնաբանել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը վատ վիճակում է, երկրում 350% գնաճ է, արժույթն անկում է ապրում։ «Նրանց նավատորմը, ռազմաօդային ուժերը, հետախուզական կարողությունները ոչնչացված են», – նշել է Սպիտակ տան ղեկավարը: Նա չի բացառել, որ առաջիկայում, հնարավոր է, ռազմական սցենար լինի: Նաև, Թրամփի խոսքով, ամերիկյան կողմը բարեհաջող գործում է Հորմուզի նեղուցում, այնտեղով նավեր են անցնում: «Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի։ Այս ամենի իմաստը հենց դա է: Եթե նրանք միջուկային զենք ունենային, Իսրայելը կջնջվեր երկրի երեսից։ Եվ Մերձավոր Արևելքը, հավանաբար, նույնպես», – կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահը:

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ Թրամփն իր հրապարակումներով ազդանշաններ է ուղարկում Թեհրանին՝ հաշվի առնելով, որ իրանական ուժերը թիրախավորում են առևտրային նավեր: Վենսը նախազգուշացրել է՝ այդ գործողությունները պետք է դադարեցվեն, այլապես Իրանը կբախվի լուրջ խնդիրների:


Մանրամասները՝ տեսաշարում:

Դիտումների քանակ2

Leave a comment