Քաղաքականություն
01.09.2026 | 18:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հունիսին Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը անկայուն և չափազանց փխրուն էր։
«Մենք ողջունեցինք այս տարվա հունիսին իրանա-ամերիկյան հրադադարի մասին հուշագրի կնքումը, սակայն, ցավոք, հրադադարը անկայուն և չափազանց փխրուն էր», – ասել է Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպման սկզբում։
«Այս դժվարին ժամանակահատվածում մենք փորձում ենք ձեզ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Մենք այդ մասին զրուցել ենք, և անհրաժեշտ ապրանքներ ենք մատակարարում ձեզ»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը համերաշխ է իր շահերը պաշտպանող իրանցիների հետ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Իրանի դեմ պատերազմի և դրան հաջորդած պատժամիջոցների հարցում Մոսկվայի դիրքորոշման համար։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը միասին կարող են դիմակայել ԱՄՆ-ի, իր բնորոշմամբ, «միակողմանիությանը»։
«Մենք շնորհակալ ենք ձեր դիրքորոշման համար, որը Ռուսաստանը որդեգրել է պատերազմի, բոլոր հակամարտությունների և ԱՄՆ-ի պատժամիջոցների ժամանակ։ Դուք աջակցել եք մեզ ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպություններում», – ընդգծել է Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Սա ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, դրանք սովորական հարաբերություններ չեն», -հավելել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի