Աշխատանք՝ առանց կայուն եկամտի և իրավունքների
«Արդյունավետ օր չէր»,-զրույցն այսպես է սկսում 40-ամյա Վ․-ն, որը քիչ առաջ է վերադարձել աշխատանքից։ Մոտ 10 տարի է՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Վ․-ն աշխատում է փայտագործական ընկերությունում, որտեղ իրականացնում է փայտի հղկում։
«Ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ է հետս կատարվում, մի քանի օր է՝ շատ քիչ եմ գործ անում»,- ինքն իրենից դժգոհում է Վ․-ն, ում աշխատավարձը կախված է կատարած գործի քանակից։ Իրականում, եթե նույնիսկ կարողանար ամբողջ ներուժով աշխատել, աշխատավարձը հազիվ 50000-60000 դրամ կլիներ։
Ասում է՝ փորձել է ավելի լավ վարձատրվող աշխատանք գտնել, բայց անսպասելի գլխացավերը թույլ չեն տալիս․ առողջական խնդիրներին համապատասխան հարմար տարբերակ այդպես էլ չի գտնում։ Համայնքային հիմնարկներից մեկում է փորձել աշխատել, բայց ֆիզիկապես չի կարողացել։
«Նույնիսկ պահակություն անել չեմ կարող»,- նեղսրտում է նա։ Նրա խոսքով՝ հատկապես մարզերում չկա այնպիսի աշխատանք, որ հարմար է հոգեկան առողջության խնդիր ունեցողին։
Ասում է՝ կուզենար ստեղծագործական աշխատանքով զբաղվել՝ օրինակ՝ գրականությամբ կամ երաժշտությամբ, բայց չունի համապատասխան կրթություն։
Տարիներ առաջ անգամ հոր հետ մեկնել է արտերկիր՝ աշխատելու, սակայն առողջական խնդիրների պատճառով չի ունեցել այլ տարբերակ, քան Հայաստան վերադառնալը։
Պետության տրամադրած նպաստն ու ծնողների աջակցությունը եթե չլինեին, շատ դժվար կլիներ։ Սակայն խոսքը չավարտած՝ ընդգծում է․ «Բայց կյանքն իմ հանդեպ բարենպաստ է եղել»։
Բացատրում է՝ ի տարբերություն առողջական նման խնդիրներ ունեցող հարյուրավոր մարդկանց, ինքը կարողացել է ընտանիք կազմել, ունի հրաշալի կին ու դուստր։
«Մի բան եմ գրել, կարդամ»,- զրույցն ընդհատելով՝ ասում է Վ․-ն։
«Ես կարծես վայր եմ ընկել ձեռից, բայց չեմ կոտրվել։ Ցավ կա մեջս, բայց ոչինչ, այդպես էլ է պատահում։ Պիտի առաջ շարժվեմ սեփական փորձով աստվածային․․․»,- կիսվում է նա՝ բացատրելով, որ ասես այս տողերը դարձած լինեն իր՝ դժվարությունները հաղթահարելու տարբերակը։
Մեկ այլ տարբերակ էլ ունի՝ սիրում է պարել․ «Ինքնուս եմ․ ցանկացած երաժշտության տակ էլ պարում եմ»։ Իսկ ահա դուստրը պարի խմբակ է հաճախում, ու Վ․-ն միշտ հանդիսատեսի շարքերում է և հպարտությամբ հետևում է բեմում նրա պարին։
«Թատրոն, կինո, համերգներ շատ եմ սիրում․ թուլությունս է»,- ասում է նա՝ ավելացնելով, որ հնարավորության դեպքում աղջկա հետ է գնում։ Ծնողական ժողովներին, սակայն, չի գնում։ Սովորաբար կինն է գնում․ «Դե, ես մի քիչ տկար եմ․ չեմ կարողանում մյուս ծնողների հետ խոսել։ Իմ վախերն են․․․»։
Ասում է՝ դեղերի ընդունումից հետո տարիների ընթացքում վախերը նվազել են․ «Նախկինում անընդհատ մտածում էի՝ բա որ մարդ վնասեմ, բա որ․․․ Գիտեմ՝ կյանքում չէի անի, ուղղակի վախեր էին։ Հիմա էլ այդպես չեմ մտածում»։
Իր նման վախեր ունեցողներին Վ․-ն խորհուրդ է տալիս չհուսահատվել ու հավատալ սիրուն․ «Ես ռոմանտիկ տղա եմ, շատ ռոմանտիկ։ Սերը կյանքն է։ Սերը որ չլիներ, ես էլ չէի լինի»։
Ասում է՝ դուստրն էլ ուրիշ սեր բերեց իր կյանք․ «Ջերմություն բերեց, կյանքի նկատմամբ հավատ բերեց»։
«Կյանքը դժվար է, դեպի առաջ պետք է նայել, ինչքան էլ հացի փող չունենաս, նեղվես, դժվարությունները կգան, կանցնեն»,- եզրափակում է Վ․-ն։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։