Երեկ Սևանա լճի օրն էր, որը սահմանվել է դեռ 1999 թվականին՝ բնապահպանության նախարարության որոշմամբ։
Այդ օրվա խորհուրդն այն է, որ Սևանա լիճն իր տեսակով երկրորդն է աշխարհում, ունի եզակի բուսական և կենդանական աշխարհ ու բնության անգնահատելի հուշարձաններ։ Սևանա լիճը պարզապես հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ է, և այն պահպանելու համար յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ հոգածությամբ վերաբերվի լճին։ Լիճը նաև Հայաստանի կարևորագույն բնական ռեսուրսներից մեկն է, որը նպաստում է համայնքների զարգացմանը, կենսամիջոցների պահպանմանը, զբոսաշրջության զարգացմանը և շրջակա միջավայրի բարեկեցությանը։
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի կլիմայական ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանի տեղեկացմամբ՝ էկոհամակարգային ծառայությունների փորձագիտական գնահատականներով՝ ավազանը տարեկան ավելի քան 400 միլիոն դոլարի տնտեսական արդյունք է գեներացնում՝ տուրիզմից, ձկնաբուծությունից, գյուղատնտեսությունից և էներգետիկայից։
Սակայն լճին սպառնացող մի շարք գործոններ ու ազդեցություններ կարող են զգալիորեն կրճատել այդ օգուտները՝ վտանգելով նաև լճի գոյությունը։ Այդ ռիսկերից է ավազանի հարակից բնակավայրերի տնային տնտեսություններից չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի հոսքը դեպի լիճ։
Ինչպես նշում է Վարդան Կարապետյանը, մարդածին գործոնների ազդեցությունն ավելի է ահագնանում կլիմայի գլոբալ փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունների հետևանքով։
Սևանա լիճը, որը մոտ 33 մլրդ խորանարդ մետր ջուր է ամբարում, ենթարկվում է կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցություններին, ինչի պատճառով լճի ջուրը թե՛ քանակական, թե՛ որակական փոփոխությունների է ենթարկվում՝ պարբերաբար պահանջելով այդ ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման ծրագրերի իրականացում։
«Կլիմայի գլոբալ փոփոխություններով պայմանավորված՝ գետային հոսքերի նվազումը դեպի լիճ, ջրի գոլորշիացման ծավալների ավելացումը, ավազանի մոտակա տարածքների բնակչության կենսագործունեությունը երկարաժամկետ կտրվածքով Սևանա լճի համար ինչպես քանակական, այնպես էլ որակական վտանգներ են ստեղծում»,- ասում է ԱԶԲ ներկայացուցիչը։ Քանակական ռիսկերը պայմանավորված են կլիմայի գլոբալ փոփոխությամբ։
Այսօր Սևանա լիճ 28 գետ ու գետակ է լցվում, որոնք, տարբեր գնահատականներով, տարեկան 800 միլիոն խորանարդ մետր ջուր են բերում Սևան։ Տարբեր կանխատեսումներով՝ մինչև դարավերջ այդ հոսքը կարող է կիսով չափ կամ ավելի նվազել։
Այսօր տարեկան ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր ջուր է գոլորշիանում Սևանից, քանի որ վերջին հարյուր տարում ավազանում ջերմաստիճանը երկու աստիճանով բարձրացել է։
Ջրի քանակական անկումը, որը նախորդ դարի 60-ականներին սկսվեց, երբ Սևանի ջուրը սկսեցին օգտագործել տնտեսական և էներգետիկ նպատակներով, և ջրի ծավալը 40 տոկոսով նվազեց, կառավարության հիմնական մարտահրավերներից է դարձել։
Իսկ քանակական կրճատումը նաև որակական փոփոխությունների է հանգեցնում, ինչն ահագնանում է չմաքրված ջրերի՝ Սևանա լիճ թափվելու հանգամանքով։ Դրանք կոմունալ-կենցաղային կեղտաջրեր են, արդյունաբերական, գյուղատնտեսական և անասնապահությունից գեներացվող կեղտաջրեր։
Արդյունքում ունենում ենք ջրի որակի անկում՝ ազոտի և ֆոսֆորի ներթափանցման հետևանքով։ Հենց այդ տարրերի ավելցուկով է պայմանավորված Սևանի ջրի ծաղկումը»։
Փորձագետի ներկայացմամբ՝ որոշ գնահատականներով՝ տարեկան Սևան է լցվում հարյուր տոննա ֆոսֆոր և մոտ երեք հարյուր տոննա ազոտ, որոնք կուտակվում են ջրի ստորին շերտերում ու որպես սննդանյութ դառնում տարբեր բակտերիաների գերբազմացման պատճառ։
Սևանի ավազանում գտնվող գյուղական և քաղաքային բնակավայրերում այսօր բնակվում է մոտ երկու հարյուր հազար մարդ։ Նրանց կենսագործունեության արդյունքում աղտոտվող ջրերը, որոնք գետերի միջոցով ի վերջո հասնում են լիճ, անհրաժեշտ է մաքրել և միայն դրանից հետո ապահովել դրանց հոսքը դեպի լիճ՝ ապագայում ավելի մեծ բնապահպանական և տնտեսական կորուստներից խուսափելու համար։
Ասիական զարգացման բանկն այդ հարցում աջակցում է ՀՀ կառավարությանը՝ կեղտաջրերի կառավարման ոլորտում գործնական ներդրումային լուծումների նախապատրաստման ուղղությամբ՝ նպատակ ունենալով նվազեցնել Սևանա լիճ մտնող աղտոտումը և պահպանել այս արժեքավոր ռեսուրսը ապագա սերունդների համար։
ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի խոսքով՝ «Սևանը իսկական գանձ է, Հայաստանի հարստությունը։ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական արժեք է, այլ երկրի տնտեսական ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ, որը նպաստում է ջրային անվտանգության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մարդկանց կենսագործունեության բարելավմանը։ Այս բոլորը Ասիական զարգացման բանկի համար լիճը մաքրելու մտադրության հիմք դարձան»։
Ինչպես նշում է Վարդան Կարապետյանը, Սևանի ավազանի հիմնախնդիրների լուծման ծրագրերում ԱԶԲ-ն ներգրավվել է 2020 թվականից սկսած, երբ Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացվեց 700 հազար դոլարի չափով, որով սկսվեցին ուսումնասիրություններ Սևանին սպառնացող հիմնական վտանգների շրջանակում։
Այսօր Սևանի ավազանի երեք խոշոր քաղաքներում՝ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում, կոմունալ-կենցաղային ջրերի մաքրման երեք կայան է գործում, որոնք միայն ջրի մեխանիկական մաքրում են իրականացնում՝ սպասարկելով այդ քաղաքներն ու դրանց հարակից 15 բնակավայրերը։
Սակայն ջրերի մեխանիկական մաքրումը միայն առաջին փուլն է, և մեզանում կենսաբանական, ինչպես նաև քիմիական մաքրման կայանների անհրաժեշտություն կա։
Այս պահին Ջրային կոմիտեի և ԱԶԲ-ի հետ համատեղ մշակվում է ծրագիր՝ արդեն առկա մեխանիկական մաքրման կայանները կենսաբանական մաքրման կայանների վերափոխելու համար։ Արդեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է կատարվել, և ներկայումս նախագծման մանրամասն աշխատանքներ են իրականացվում։
Մոտ երկու ամիս առաջ Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունը հավանություն տվեց Հանրային ներդրումների կոմիտեի ձևաչափում առաջին փուլի ներդրումային փաթեթին, որը ենթադրում է Սևանի ավազանի վերոնշյալ երեք խոշորացված համայնքներում ժամանակակից ջրահեռացման համակարգեր կառուցել և այդ համակարգերով կոմունալ-կենցաղային կեղտաջրերը մաքրման կայաններ հասցնել։
Ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում Սևան թափվող ֆոսֆորի ծավալը կարող է տարեկան նվազել ընդհուպ մինչև 70 տոննայի չափով, վստահեցնում է մեր զրուցակիցը։ Սա էական հանգամանք է ջրում և ավազանում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար։
Այդ ծրագրի համար ԱԶԲ-ն հատկացրել է մոտ 1,4 միլիոն դոլարի դրամաշնորհային միջոց։ Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով։ Առաջին փուլն ընդգրկում է ավազանի բնակչության մոտ 50 տոկոսը, իսկ ծրագրի այդ փուլի իրականացման ներդրումային ծավալը գնահատվում է 100 միլիոն դոլար։
Թագուհի Ասլանյան