Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել Մոսկվա-Երևան հարաբերությունների վերաբերյալ՝ պնդելով, որ Հայաստանում ՌԴ ազդեցությունը նվազել է։
Կիևի հատուկ ծառայության գնահատմամբ՝ Կրեմլի գործելաոճը՝ «ապստամբ հարևանին պատժել կոնյակի արգելքով», այլևս արդյունավետ չէ, հայտնում է Factor.am-ը:
«Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանն ընկալում էր որպես Հարավային Կովկասում իր անվիճելի հենակետն ու գրպանային գործընկերը, սակայն Հայաստանի ընտրություններին միջամտության հերթական ձախողված հատուկ գործողությունից հետո Ռուսաստանը վերջապես կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Խորհրդարանական ընտրություններում ռուսամետ ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին, և սպասվող հնազանդ ներողության փոխարեն՝ Կրեմլը Նիկոլ Փաշինյանից ստացավ հստակ հեռավորություն և շրջադարձ դեպի Արևմուտք»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը նաև նշել է, որ դրան ի պատասխան «Ռոսպոտրեբնադզորը» «հանկարծ» վտանգներ է հայտնաբերել հայկական ծիրանի, բալի, ձկան, «Ջերմուկ» հանքային ջրի և կոնյակի մեջ։
«Բերքի սեզոնից առաջ Հայաստանին տնտեսական հարված հասցնելու նպատակով սահմանված այս լայնածավալ առևտրային սահմանափակումները պետք է Երևանին փակուղու մեջ դնեին։ Սակայն Կրեմլը մոռացել էր, որ մենք այլևս 1990-ականներում չենք ապրում։ Փաշինյանը հեգնանքով «շնորհակալություն հայտնեց» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերներին՝ առևտրի այլընտրանքային ուղիներ փնտրելու իրավունքը ճանաչելու համար, և ուղղակի հայտարարեց, որ եթե Ռուսաստանի գործողությունների պատճառով միությունը կաթվածահար լինի, ապա դա կնշանակի «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հատուկ ծառայության հայտարարությունում նշվում է նաև, որ տարածաշրջանում Մոսկվայի հիմնական հաղթաթուղթը խաղարկվել է դեռ 2023 թվականի աշնանը։
«Տարիներ շարունակ Կրեմլը Երևանին և Բաքվին «կապված» էր պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջոցով։ Սակայն երբ Ադրբեջանը երկու օրվա ընթացքում վերականգնեց վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, ռուսական «խաղաղապահները» պարզապես երկրորդական դերակատարի կարգավիճակում մնացին և խայտառակ կերպով ժամանակից շուտ լքեցին տարածաշրջանը»,- գրում է հատուկ ծառայությունը։
Հայտարարությունում նաև նշվում է, որ այս իրավիճակին գումարվել է ռազմական պարտավորությունների չկատարումը։ Ըստ ուկրաինական հատուկ ծառայության՝ երբ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին առաջխաղացում է իրականացրել Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ-ը, օգնություն տրամադրելու փոխարեն, առաջարկել է «լուծել սահմանային խնդիրը»։ Ծառայության գնահատմամբ՝ նման «պաշտպանությունից» հետո Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահությունը հասել է աննախադեպ ցածր մակարդակի։
«Գիտակցելով, որ իր անվանական «դաշնակիցը» միայն մանիպուլյացիաների է ընդունակ, Երևանը 180 աստիճանով շրջադարձ կատարեց։ Մինչ Ռուսաստանը խոչընդոտում էր ծիրանի ներմուծումը, Բրյուսելը բացել է իր շուկաները և տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացրել «Հայաստանի զարգացման ծրագրի» շրջանակներում։ Հարավային Կովկասի վերահսկողության Մոսկվայի մենաշնորհը պաշտոնապես զրոյի է հավասարեցվել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի արտաքին հետախուզության գնահատմամբ՝ Կրեմլի կիրառած վերջին շանտաժային մեթոդները, այդ թվում՝ գազի գնի բարձրացման սպառնալիքներն ու Երևանում ենթակառուցվածքների միջոցով ճնշում գործադրելու հնարավորությունը, նույնպես կարող են չեզոքացվել։
Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և Թուրքիայի հետ սահմանների բացման պայմաններում Երևանը վերջնականապես նվազեցնում է Մոսկվայի ազդեցության հնարավորությունները՝ զրկելով նրան լծակներից։ Ուկրաինական հատուկ ծառայությունը որպես Կրեմլի աշխարհաքաղաքական պարտության վերջին դրսևորում մատնանշել է նաև Հայաստանի կողմից Եվրոպական Միությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը սկսելու մասին հայտարարված որոշումը։