General Motors կորպորացիան 1.1 մլրդ կանադական դոլար (791 մլն դոլար) կներդնի Կանադայում իր արտադրական հզորությունների զարգացման համար։ Միջոցները մասնավորապես կուղղվեն Օնտարիոյում գտնվող գործարանում նոր ծանր բեռնատարի արտադրության մեկնարկին։ Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանման ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ներդրումային համաձայնագիրը կնքվել է ավտոարտադրողի և Կանադայի GM աշխատակիցների արհմիության միջև։ Reuters-ը նշում է, որ Կանադայի ավտոմոբիլային արդյունաբերությունը ճնշման տակ է հայտնվել Միացյալ Նահանգների կողմից սահմանված 25% մաքսատուրքերի պատճառով։
Ներդրումների հիմնական ուղղությունը հաջորդ սերնդի GMC Sierra պիկապի և նոր V8 շարժիչի արտադրությունն է։ Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կանադացի աշխատակիցների աշխատավարձերը երեք տարվա ընթացքում կբարձրանան 3%-ով։
Այս ամսվա սկզբին ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն ասել էր, որ Օտտավան մերժել է Վաշինգտոնի առաջարկած երկկողմ առևտրային համաձայնագիրը։ Ի պատասխան՝ օգոստոսի 22-ից ԱՄՆ-ն 50 տոկոս ներմուծման մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների որոշ կատեգորիաների նկատմամբ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների դադարեցումը և հայտարարել պատասխան միջոցների մասին։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև սկսվել է «առևտրային պատերազմ», որի նախաձեռնողը, նրա կարծիքով, Վաշինգտոնն է։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից 50% մաքսատուրքեր սահմանել կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Կանադան տարիներ շարունակ «թալանել է ԱՄՆ-ին»՝ օգտվելով հատուկ հարաբերություններից և առևտրային արտոնություններից։ Թրամփը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնն այլևս մտադիր չէ հանդուրժել դա։ Նա նաև Կանադայի ղեկավարության ներկայացուցիչներին անվանել է «ծաղրածուներ» և սպառնացել Օտտավային լուրջ հետևանքներով՝ առևտրային տարաձայնությունների սրման պատճառով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։