Դատախազությունը պահանջում է Խաչատրյանից բռնագանձել 193 անշարժ գույք, մոտ 18 մլրդ դրամ

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է դատախազությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական վարույթներից զատ, Հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել՝

  • 193 անշարժ գույք, որոնց թվում են Կենտրոն վարչական շրջանում գտնվող 46 բնակարան և Կոտայքի մարզում գտնվող 89 անշարժ գույք,
  • 29 իրավաբանական անձում մասնակցություն, այդ թվում՝ «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ում և «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ում,
  • 14 շարժական գույք,
  • մոտ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր,
  • մոտ 147 հազար ԱՄՆ դոլարի ավանդ,
  • մոտ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
  • մոտ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ։

Խաչատրյանի նկատմամբ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է։

1. Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008-2010 թվականներին «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից անշարժ գույքեր է ստացել որպես կաշառք։ Ըստ մեղադրանքի՝ դրա դիմաց նա պետք է ծառայության գծով ընդհանուր հովանավորչություն իրականացներ, հարկային ու մաքսային մարմինների կողմից ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծեր, տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահեր վարչական միջամտությունից, մեղմեր վերահսկողական գործառույթները և առանձին դեպքերում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացներ։

Գ.Խ.-ի որդու՝ Գր.Խ.-ի անունով ձևակերպվել են Երևանի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ Գ.Խ.-ի որդիներ Գր.Խ.-ի ու Ա.Խ.-ի անուններով՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեի շենքում գտնվող երեք տարածք։

Ըստ վարույթի՝ գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու և դրանց ձեռքբերմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով գործարքները կատարվել են ձևական առուվաճառքի պայմանագրերով՝ դրանցում ամրագրելով շուկայական արժեքից էականորեն ցածր գներ։ Մասնավորապես, ձևականորեն կնքված պայմանագրերում անշարժ գույքերի ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմել է 484 միլիոն դրամ, մինչդեռ գործարքների պահին դրանց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 2 միլիարդ 179 միլիոն 51 հազար դրամ։

2․ 2011-2017 թվականներին «Դիլիջան» ուսումնական կենտրոնի վերակառուցման և գույքով համալրման նպատակով Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ու Ֆինանսների նախարարությունը մի շարք պայմանագրեր են կնքել, որոնցից 21-ը՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ։ Դրանցից 12-ով նախատեսվել են կենտրոնի շենք-շինությունները 30 մմ հաստությամբ տրավերտինե սալիկներով երեսապատելու աշխատանքներ։

Կատարողական ակտերում արձանագրվել է 17506,371 քմ ծավալով՝ ընդհանուր 714 միլիոն 451 հազար դրամ արժողությամբ աշխատանքների կատարում։ Մինչդեռ փաստացի իրականացված աշխատանքների ծավալը կազմել է 15411,3 քմ՝ արձանագրվածից 2095,071 քմ-ով պակաս։

Փաստացի չիրականացված 2095,071 քմ աշխատանքի համար պետական միջոցներից վճարվել է 85 միլիոն 497 հազար դրամ։ Միաժամանակ փաստացի կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար միջին շուկայական արժեքից բարձր վճարման հետևանքով «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը հավելյալ փոխանցվել է ևս 89 միլիոն 83 հազար դրամ։

3․ Գ.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել իր որդու՝ Ա.Խ.-ի, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված Հ.Թ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման միջոցով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին պատկանած՝ Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքի ու դրա անբաժանելի մասը կազմող հողամասի՝ հանցավոր ճանապարհով ձեռքբերման գործընթացին մասնակցելու համար։

Գույքը ձևականորեն ձեռք է բերվել Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ի անունով՝ 215 միլիոն 228 հազար դրամով։ Հետագայում՝ 2017 թվականին, այն 75 միլիոն դրամով, ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անունով։

Մինչ այդ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ի ու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի միջև նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որից հետո որոշվել է արհեստականորեն 25 տոկոսով բարձրացնել համալսարանի դասախոսների աշխատավարձերը՝ ՊՈԱԿ-ի համար լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն ստեղծելու նպատակով։ Հետագայում Գ.Գ.-ն նվազեցրել է ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի՝ 25 տոկոսով բարձրացված աշխատավարձերը՝ վերականգնելով նախկին չափը։

ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունությունը «վերականգնելու» նպատակով՝ Գ.Գ.-ն դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին։ Դրանից հետո Ֆինանսների նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա նախարարությունը 200 միլիոն դրամի բյուջետային վարկ է տրամադրել։ Միևնույն ժամանակ, ըստ նախահաշվի կատարողականի, տարեվերջին ՊՈԱԿ-ի բյուջեում առկա գումարը կազմել է 541 միլիոն 562 հազար դրամ։

Վարկը մարելու պատրվակով, սակայն իրականում Երևանի Պուշկինի 38/1 հասցեում գտնվող տարածքը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին ու նրա որդի Ա.Խ.-ին անխոչընդոտ «օտարելու» նպատակով, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ն հանձնարարել է ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ին առաջարկել օտարել նշված գույքը և ստացված գումարով մարել վարկային պարտավորությունները։

Ա.Ա.-ի հանձնարարությունից հետո Գ.Գ.-ն ու Ար.Ա.-ն 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, անտեսելով «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արգելքը և հաշվի չառնելով, որ վարկի մարման վերջնաժամկետին դեռ 11 ամիս է մնացել, իսկ ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը հնարավորություն է տվել մարել պարտավորությունները, գրություն են ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին։ Դրանով նրանք խնդրել են համալսարանի ֆինանսական վիճակն արագ կայունացնելու նպատակով օտարել ՊՈԱԿ-ի նշված գույքը։

Արդյունքում Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ն 215 միլիոն 228 հազար դրամով ձեռք է բերել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը։ 2017 թվականին այն 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրով, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անունով։4․ Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագ՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը թաքցնելու եղանակով

4․ Գ.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև «Հղկող հաստոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վ.Ս.-ի և իր ազգական Ռ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ 151 միլիոն 126 հազար դրամի փողերի լվացում կատարելու համար։

Մասնավորապես, 2009 թվականի հուլիսի 15-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ռ.Գ.-ի անունով ձեռք է բերվել Գյումրու Գ. Նժդեհի փողոց 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքերի համալիրը։ Այն ներառել է 6,4199 հա հողամաս, դրա վրա գտնվող 13,678.20 քմ մակերեսով գլխավոր մասնաշենք, 866,26 քմ մակերեսով եռակցման արտադրամաս, երկու՝ 534,96 քմ մակերեսով անգար, 292,91 քմ մակերեսով վարչական մաս, 18 քմ և 72 քմ մակերեսով տնակներ, ինչպես նաև տարբեր մակերեսներով պարիսպներ։ Գույքի ընդհանուր կադաստրային արժեքը կազմել է 122 միլիոն 876 հազար դրամ։

Անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցվել է Ռ.Գ.-ի և նրա կնոջ՝ Ձ.Գ.-ի անուններով, որից հետո այն մի քանի անգամ օգտագործվել է փոխկապակցված երրորդ անձանց պարտավորությունների ապահովման համար։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին գույքը գրավադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին և «ԱՅՅՈՒՆԵԹՖՈՐՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ե.-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորությունն ապահովելու նպատակով։

2016 թվականի նոյեմբերի 10-ին նույն գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ Ա.Ե.-ին տրամադրված 4,8 միլիարդ դրամի պարտավորության ապահովման համար։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին գույքը կրկին գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին տրամադրված 28 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորությունն ապահովելու նպատակով։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին նույն անշարժ գույքը դարձյալ գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ին տրամադրված 30 միլիարդ դրամի պարտավորությունն ապահովելու համար։

Ըստ վարույթի՝ նշված գործողություններով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն ու դրա շարժընթացի և շրջանառության արդյունքում ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, դրանց տրվել է օրինական տեսք, իսկ իրական բնույթը, ծագման աղբյուրն ու շարժը թաքցվել են։

Այսպիսով, Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

2026 թվականի օգոստոսի 24-ին ստացվել են ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները։

Փորձաքննություններով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն վիրահատական միջամտության կարիք չի ունեցել, իսկ դրա անհրաժեշտությունը ներկայում կարող է գնահատվել ՄՌՏ հետազոտությունից հետո, որից Գ.Խ.-ն հրաժարվել է։ Համապատասխան ցուցման դեպքում վիրահատությունը հնարավոր է իրականացնել ՀՀ բժշկական հաստատությունների մասնագիտացված բաժանմունքներում։ Նշվել է նաև, որ ներկայում Հայաստանում առկա են նման վիրահատության համար անհրաժեշտ գործիքակազմը, տեխնիկական միջոցներն ու համապատասխան մասնագետները։

Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Գ.Խ.-ն չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել քրեական վարույթով որևէ վարութային գործողության նրա մասնակցությանը։

Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Գ.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը։ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդի Ար.Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի ու բանկերից մեկի աշխատակից Ա.Պ.-ի վերաբերյալ քրեական գործը ևս քննվում է նույն դատարանում՝ մեկ այլ դատավորի վարույթում։

Դատարան ուղարկված այդ գործով նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար։ 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են նաև դատախազի միջնորդությունները, և Ա.Խ.-ի ու Ար.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը դառնալու է պետության եկամուտ։

Leave a comment