Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գովեստի խոսքեր է ասել ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Հենրիխ Մխիթարյանն օրինակ է մեր ֆուտբոլիստների և բոլորիս համար: Այն, թե ինչպիսի մարդ և ֆուտբոլիստ նա, հպարտություն է առաջացնում։ Շատերը զարմանում են, որ Հենրիխը մինչև հիմա խաղում է այսպիսի բարձր մակարդակում, իսկ ես՝ ոչ:

Նրան ճանաչում եմ 14-15 տարեկանից, ամեն ինչ տեսել եմ։ Նա այնպիսի կենսակերպ է վարում, այնպես է վերաբերվում ֆուտբոլին, որ նրա լավ մարզավիճակը նույնիսկ 37 տարեկանում անակնկալ չէ։

Ես՝ որպես մարզիչ, Մխիթարյանի մասին շատ եմ պատմել իմ խաղացողներին։ Նրա օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»,- Եղիշե Մելիքյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է 32 գոլով (95 խաղում): Նա ազգային թիմում ելույթներն ավարտել է 2021 թվականին:

Leave a comment