ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման իր ելույթում հայտարարել է, որ բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը Հայաստանի ներդրումն իրականացվում է բազմաբևեռ արտաքին քաղաքականության միջոցով, որը Երևանն անվանում է հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Փաշինյանը հայերեն է խոսել:
Նա նշել է, որ Երևանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում TRIPP-ի միջոցով, հայտնում է Factor.am-ը:
«Իմաստն այն է, որ աշխարհաքաղաքական բևեռի ձգողականությունը այնպես է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անխակությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ հարաբերությունները՝ պահպանելով մեր հավասարակշռությունը։ Քաղաքական հիմնական նպատակը անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն ու ուժեղացնելն է։ Հնարավոր չէ անկախություն ու ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, ու բազմաբևեռությունը պետք է արտահայտվի առաջինը այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ հենց այդ պատճառով, շարունակելով խորացնել բարեկամական հարաբերությունները հարևան Իրանի և Վրաստանի հետ, Երևանը նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով է ընթանում։
«Սա առարկայական դարձավ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ ու մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ։ Հիմա մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում TRIPP-ի միջոցով, որի գործնական աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի ներկայացմամբ՝ այս գործընթացը տրանսպորտային նոր հնարավորություններ է ստեղծելու ոչ միայն արևելք-արևմուտք ուղղությամբ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլև հնարավորություն է տալու Պարսից ծովը կապել Սև ծովին։ Նախագծի իրականացումից շահելու են տարածաշրջանի բոլոր երկրները։
Փաշինյանը նաև հայտնել է, որ վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է ձևավորել տարբեր պետությունների հետ։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի և Իրանի հետ հարաբերություններն արդեն փաստացի ռազմավարական բնույթ են ստացել, իսկ այժմ աշխատանք է իրականացվում դրանք փաստաթղթային ձևակերպում ստանալու ուղղությամբ։
Նա տեղեկացրել է նաև, որ այսօր հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պաշտպանում է բազմաբևեռության տեսլականը և բոլորին հրավիրում է մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք COP 17 համաժողովին։
Փաշինյանն աշխատանքային այցով Բիշքեկում է՝ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը: Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ։