Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը․ քաղաքագետի գնահատականը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է մնալ հայտարարությունների, պայմանավորվածությունների և դեռևս անորոշ հեռանկարների տիրույթում։

Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացման հետագա գործնական քայլերը։ Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ ընդգծվել է նաև կապակցվածության նախագծերի կարևորությունը։ Միաժամանակ Երևանն ու Բաքուն շեշտել են պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։

Սակայն արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Բաքվի օրակարգում էական փոփոխություն է տեղի ունեցել, և կա՞ իրական առաջընթաց խաղաղության պայմանագրի շուրջ։

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի օրակարգում որևէ փոփոխություն կլինի, որովհետև եթե այդ փոփոխությունները լինեն, ապա հազիվ թե մեկ-երկու հանդիպումով լինեն։ Հետևաբար, այս տեսանկյունից կարծում եմ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը ընդհանուր առմամբ մինչև այժմ եղած տրամաբանության շրջանակում է։ Իմ համոզմամբ՝ այդ հանդիպմամբ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը կփորձեն որոշակիորեն արձագանքել մակրոքաղաքական մակարդակում տեղի ունեցող փոփոխություններին»,MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Միևնույն ժամանակ, խաղաղության օրակարգի շուրջ աշխատանքը շարունակվում է նաև այլ մակարդակներում։ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է խաղաղության օրակարգը։ Հաջիևը, անդրադառնալով հանդիպմանը, նշել է, որ Բիշքեկում Ալիևի և Փաշինյանի հանդիպումից հետո խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները շարունակվել են Ալեն Սիմոնյանի հետ։ «Այս տեսանկյունից, եթե խոսենք որևէ նոր բանի մասին, ապա ֆորմալ իմաստով նոր է այն, որ ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանի փոխարեն հիմա Ալեն Սիմոնյանն է։ Սա, կարծում եմ, պարզապես կադրային փոփոխություն չէ։ Այս փոփոխությամբ Երևանը որոշակի իմաստով արտահայտել է նաև մակրոմիջավայրում տեղի ունեցող փոփոխության հանդեպ իր վերաբերմունքը և, ըստ այդմ, սա որոշակի նոր դետալ է ավելացնում հայ-ադրբեջանական գործընթացում»,- հավելեց քաղաքագետը։

Իսկ տարածաշրջանային գործընթացների մեկ այլ կարևոր դերակատար՝ Թուրքիան, ևս հայտարարում է, որ շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

Սակայն քաղաքագետի գնահատմամբ՝ Բիշքեկի հանդիպումը դժվար թե կարելի է համարել շրջադարձային։ «Չեմ կարծում, որ Բիշքեքում Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է ունենալ ինչ-որ վճռորոշ արդյունք։ Կարծում եմ՝ այդ հանդիպումն ավելի շատ ընթացիկ հանդիպում է, որտեղ, իմ գնահատմամբ, թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը կփորձեն դիրքավորվել հնարավոր փոփոխություններին ընդառաջ, որոնք նշմարվում են աշխարհաքաղաքական մակարդակում»,- նշեց Հակոբ Բադալյանը։

Մյուս կարևոր հարցը տնտեսական հարաբերությունների հնարավոր զարգացումն է։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ առաջիկայում կարող է պարզ դառնալ, թե որ ադրբեջանական ընկերություններն են մեզնից ապրանք գնում։ Բադալյանի համոզմամբ՝ այստեղ տնտեսականից ավելի շատ քաղաքական գործոն կարող է լինել։

«Առհասարակ կարծում եմ, որ Ադրբեջանը, որպես այդպիսին, Հայաստանի ապրանքային պահանջարկ չունի, և եթե լինեն այդպիսի համաձայնություններ, ապա դրանք կկրեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթ, և պարզապես տնտեսական գործոնը կծառայեցվի քաղաքական նպատակներին։ Ինչպես, օրինակ, Ադրբեջանից ապրանքների ներկրման դեպքում։ Չեմ կարծում, որ Հայաստանը Ադրբեջանից բենզին ներկրելու կարիք ունի կամ ադրբեջանական բենզինը բավարարում է Հայաստանի կարիքները։ Ադրբեջանից եկող բենզինը մեծ հաշվով շատ փոքր ծավալ է կազմում Հայաստանում սպառվող բենզինի տեսանկյունից։ Այդ պայմանավորվածությունը բացառապես քաղաքական է եղել և շարունակում է քաղաքական լինել»,- ասաց նա։

Այսպիսով՝ TRIPP, սահմանազատում, տնտեսական շփումներ և խաղաղության օրակարգի շուրջ նոր քննարկումներ։ Բայց արդյո՞ք այս ամենը կարելի է անվանել իրական առաջընթաց։ «Մենք որևէ հիմք չունենք այդ հանդիպումը ամփոփելու։ Ես այս պահին չեմ կարծում, որ այնպիսի իրադարձություն է տեղի ունեցել, որ կարող ենք շոշափելիորեն կապել այդ հանդիպման հետ։ Ընթացիկ հանգրվան էր»,- եզրափակեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment