Միացյալ Նահանգներում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ ֆինանսների նախարարները: Անտոն Սիլուանովը և Սքոթ Բեսենթը բանակցել են G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների համաժողովի շրջանակում։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ քննարկվել է երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում և Մեծ քսանյակի հարթակում:
Ամերիկյան կողմն արդյունավետ է որակել նախարարների երկխոսությունը: Նշվում է, որ Բեսենթը և Սիլուանովն անդրադարձել են «Խաղաղության և տնտեսական աճի՝ Թրամփի ծրագրին»։
Մոսկվայի պատվիրակության հետ շփումներում Սպիտակ տան թիմը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի, և որ Վաշինգտոնը ցանկանում է խաղաղ կարգավորում տեսնել։ Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Բեսենթը շեշտել է, որ մինչ այդ Միացյալ Նահանգները տնտեսական որևէ համաձայնության չի գնա Մոսկվայի հետ: Նաև Ֆինանսների նախարարությունից հստակեցրել են, որ G20-ի գագաթնաժողովին Մոսկվայի ներկայության վերաբերյալ որոշումն ընդունել է Սպիտակ տունը։
Դոնալդ Թրամփն էլ, լրագրողների հարցին ի պատասխան, պարզաբանել է՝ Ռուսաստանի պատվիրակությունը մասնակցել է 20-ի խմբի ֆինանսական գագաթնաժողովին, քանի որ Սպիտակ տունը կարևորում է բոլոր երկրների հետ լավ հարաբերությունների հաստատումը:
Դիտումների քանակ3