Էրդողան․ Շարունակելու ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը (PAN.am)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտնել է, որ Անկարան շարունակելու է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը։

«Մենք կշարունակենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Ձեռք բերված խաղաղությունը կենսական ուժի աղբյուր կդառնա մեր տարածաշրջանի համար», – ասել է Էրդողանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» սկզբունքին համահունչ՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացումը համապատասխանում է երկու երկրների շահերին։ Նա նաև շեշտել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ քայլերի կարևորությունը «հատկապես նկատելի է տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակի ֆոնին»։

Օգոստոսի 31-ին Բիշքեկում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ընթացքը, սահմանազատման հետագա աշխատանքները և TRIPP-ի կյանքի կոչման հաջորդ քայլերը։ Կարևորվել են նաև առևտրային, տնտեսական ու էներգետիկ փոխգործակցության ընդլայնումը, ներառյալ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան և Ադրբեջանի տարածքով տարբեր ապրանքների տարանցումը։

Leave a comment