Միացյալ Նահանգները պատրաստ չէ քննարկել տնտեսական զիջումներ կամ որևէ այլ համաձայնագիր Ռուսաստանի հետ, քանի դեռ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը չի ավարտվել, հայտարարվել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի երկկողմ հանդիպումից հետո, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրի։
Երբ Սիլուանովը փորձել է քննարկել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ», Բեսենթը ընդհատել է նրան և ասել. «Մինչև հակամարտությունը չավարտվի, ոչինչ հնարավոր չէ»։
Ամերիկացի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ հանդիպման ուշադրության կենտրոնում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրն է եղել։
Հանդիպումը տեղի է ունեցել երեկ ԱՄՆ Աշվիլ քաղաքում։ Շարունակությունը նախատեսված է սեպտեմբերի 1-ին։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ կողմերը քննարկել են «ռուս-ամերիկյան համագործակցության հարցեր ֆինանսական ուղղությամբ և G20-ի շրջանակներում համագործակցության հարցեր»։
Սիլուանովը նաև ելույթ է ունեցել G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպման ժամանակ։ «Financial Times»-ի աղբյուրները հայտնել են, որ նա չի մասնակցել «ընտանեկան լուսանկարին» այն պատճառով, որ մի քանի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ հրաժարվել են լուսանկարվել ռուս նախարարի հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնյաները FT-ին հաստատել են, որ Բեսենթը գագաթնաժողովում հանդիպել է Սիլուանովի հետ։ Նրանցից մեկի համաձայն՝ Բեսենթը «արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի ֆինանսների նախարարի հետ և աջակցել է նախագահի՝ համաշխարհային խաղաղության ձգտումը»։
Թրամփը մեկնաբանել է Սիլուանովի մասնակցությունը միջոցառմանը՝ ասելով «կտեսնենք, թե ինչ կլինի»։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է բոլորի հետ լեզու գտնել՝ նշելով, որ տիրապետում է այդ հմտությանը։
Ռոյթերսի տվյալներով՝ G20-ի հանդիպման ժամանակ Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փուլ, սակայն Սիլուանովի ներկայությունը «բավականին մտահոգիչ» ազդանշան է ուղարկել ԱՄՆ-ի կողմից այս հարցում համագործակցելու անպատրաստ լինելու մասին։