Իրանը վերականգնել է հարվածներից տուժած հրթիռային արտադրամասերը. ԻՀՊԿ

Բաժանորդագրվել

Այժմ վերականգնված օբյեկտներում զենքի արտադրությունն ընթանում է արագ տեմպերով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Իրանը վերականգնել է ավիահարվածներից վնասված հրթիռների արտադրության օբյեկտները, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։ Նրա խոսքով` արտադրությունը տեղափոխվել է ավելի պաշտպանված օբյեկտներ։

Նաղդին նշել է, որ Իրանի առավելություններից մեկը զենքի սեփական արտադրությունն է։ Միևնույն ժամանակ ավելի վաղ հրթիռների արտադրության օբյեկտների մի մասը տեղակայված է եղել վերգետնյա հարթակներում, որոնց կոորդինատները հայտնի էին թշնամուն, ինչը դրանք խոցելի էր դարձրել ավիահարվածների համար։

«Միակ թույլ տեղն այն է, որ հրթիռների արտադրության մի քանի օբյեկտներ տեղակայված էին հայտնի վայրերում և գետնի վրա, դրանց կոորդինատները հայտնի էին, այդ իսկ պատճառով ենթարկվել էին ավիահարվածների։ Բայց հիմա դրանք վերակառուցվել են և գտնվում են շատ անվտանգ վայրերում», – հայտարարել է Նաղդին լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ վերականգնված օբյեկտներում զենքի արտադրությունն այժմ ընթանում է արագ տեմպերով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Իրանի հրթիռային ենթակառուցվածքը Մերձավոր Արևելքի հակամարտության սրացման ընթացքում բազմիցս է հարվածների հիմնական թիրախ դարձել: Իսրայելը և ԱՄՆ–ն հարվածել են այնպիսի թիրախների, որոնք, նրանց տվյալներով, կապված է եղել Իրանի հրթիռային ծրագրի և ռազմական ենթակառուցվածքների հետ: Թեհրանն ի պատասխան հարձակվել է իր հակառակորդների օբյեկտների վրա, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով:

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հարվածները չեն հանգեցրել երկրի հրթիռային արտադրության հնարավորությունների կորստին, և որ վնասված օբյեկտները վերականգնվում կամ տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր:

Leave a comment