Երկօրյա համաժողովը կազմակերպվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 3-ին Երևանում կմեկնարկի հայ և թուրք գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով, հաղորդում է Հայաստանի արդյունաբերողների և գործաարրերի միության մամուլի ծառայությունը։
Երկօրյա համաժողովը կազմակերպվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
«Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ ու ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը», – նշված է հաղորդագրության մեջ։
Համաժողովին կմասնակցեն զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցությունների, առևտրի, առողջապահության և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի պետական կառույցների պաշտոնյաներ:
Նախատեսվում են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ: