Բիշքեկում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ընթացքը, սահմանազատման հետագա աշխատանքները և TRIPP-ի կյանքի կոչման հաջորդ քայլերը։ Կարևորվել են նաև առևտրային, տնտեսական ու էներգետիկ փոխգործակցության ընդլայնումը, ներառյալ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան և Ադրբեջանի տարածքով տարբեր ապրանքների տարանցումը։
Ղեկավարներն ընդգծել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Փաշինյանի և Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ:
Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։ Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակում կապակցվածության նախագծերի կարևորությունը։
Դրական են գնահատվել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։ Փաշինյանը և Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։
Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան՝ Բիշքեկում նա մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Ավելի վաղ նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ալիևի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ադրբեջանի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ջեյհուն Բայրամովը, Հիքմեթ Հաջիևը և Շահին Մուսթաֆաևը։