«Google»-ը ցանկանում է 8 ապրանքային նշան գրանցել Ռուսաստանում

Բաժանորդագրվել

«Google LLC»–ն Ռուսաստանում պաշտոնապես գործունեություն չի ծավալում 2022 թվականից։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան «Google» կորպորացիան 8 ապրանքային նշան գրանցելու փաստաթղթեր է ուղարկել ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայություն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայտերը ներկայացվել են օգոստոսին «Google LLC»–ի («Գուգլ ԷլԷլՍի») անունից: Ընկերությունը մտադիր է Ռուսաստանում գրանցել «Google Meet», «Gmail», «Google Keep»,« Google Drive», «Google Forms», «Google Chat», «Google Cloud» և «Magic Pointer» ապրանքային նշանները:

Համաձայնություն ստանալու դեպքում «Google»-ը կկարողանա դրանք օգտագործել Ռուսաստանում թվային ապրանքների և ծառայությունների լայն ցանկի համար: Մասնավորապես խոսքը էլեկտրոնային փոստի, աուդիոկապի և տեսակապի, տեքստային ու գրաֆիկական նյութերի պահպանման, ամպային ծառայությունների ու փաստաթղթերի հետ համագործակցության գործիքների մասին է: Բացի այդ, ցանկը ներառում է արհեստական բանականության հիման վրա չատ-բոտերի հետ փոխգործակցության և տարբեր տեսակի տվյալների պահպանման ծրագրային լուծումներ։

Նշենք, որ «Google LLC»–ն Ռուսաստանում պաշտոնապես գործունեություն չի ծավալում 2022 թվականից։ Ընկերության ռուսական կառույցը` «Գուգլ» ՍՊԸ-ն, 2023 թվականին սնանկ է ճանաչվել։ Այդ ընկերության նկատմամբ վարույթը շարունակվում է։

«Google LLC»–ն նաև բազմիցս պատասխանատվության է ենթարկվել ռուսական դատարանների կողմից: Ընկերության նկատմամբ տուգանքներ են սահմանվել, քանի որ հրաժարվել է իրներնետային հարթակներից հեռացնել Ռուսաստանի օրենսդրությամբ արգելված նյութերը։

Leave a comment