ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հոբելյանական գագաթնաժողովին։ Ֆորումի շրջանակում նախատեսված է նաև երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգ, գրում է Ինտերֆաքսը։
ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մանաս օդանավակայանում։ Ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը։
Պուտինի առաջին աշխատանքային օրը Բիշքեկում կսկսվի անհատական հանդիպումներով։ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելուց բացի՝ Պուտինի օրակարգում նախատեսված է ինը երկկողմ հանդիպում։ Առաջինը Չինաստանի նախագահ Սի Ցզիիպինի հետ զրույցն է, որը նույնպես մասնակցում է գագաթնաժողովին։ Այնուհետև Պուտինը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Նույն օրը երեկոյան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցող բոլոր երկրների առաջնորդները կհանդիպեն Բիշքեկում անցկացվող Քոչվորների համաշխարհային VI խաղերի բացման արարողությանը, որտեղ հնարավորություն կունենան ոչ պաշտոնական շփում ունենալու։
Օրվա ավարտին Պուտինի օրակարգում նախատեսված է հանդիպում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
ՇՀԿ գագաթնաժողովի հիմնական օրը սեպտեմբերի 1-ն է, այդ օրը նույնպես Պուտինի դիվանագիտական ակտիվ օրակարգը կշարունակվի։
Օրվա սկզբում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ տեղի կունենա ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Մասնակցելու են Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Այնուհետև նախատեսվում է ավելի քան 20 համատեղ փաստաթղթի ստորագրում։
Դրանից հետո կանցկացվի «ՇՀԿ+» ձևաչափով նիստը, որի ընթացքում անդամ երկրների առաջնորդներին կմիանան Հայաստանի, Ադրբեջանի, Վիետնամի, Եգիպտոսի, Լաոսի, Մոնղոլիայի, Տոգոյի և Թուրքիայի պատվիրակությունների ղեկավարները։ Նիստին ներկա կլինեն նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵՏՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովի (ԱՓՎՄԽ) ներկայացուցիչներ։
Ռուսաստանի նախագահի երկկողմ հանդիպումների շարքը կշարունակվի սեպտեմբերի 1-ին՝ գագաթնաժողովի միջոցառումներից հետո։ Սկզբում Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, այնուհետև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Դրանից հետո նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ։
ՌԴ նախագահի օրակարգում է նաև հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Պուտինի երկկողմ հանդիպումների շարքը կեզրափակվի ՇՀԿ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ Աշխատանքային օրվա ավարտին Ռուսաստանի նախագահը նախատեսում է հանդիպել ռուսաստանցի լրագրողների հետ։ Ղրղզստանից Պուտինը կմեկնի Վլադիվոստոկ, որտեղ կմասնակցի Արևելյան տնտեսական համաժողովին։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ուղղություններով։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է Պեկինի հետ աշխատել առանց վիզայի ռեժիմը մշտական դարձնելու ուղղությամբ, եթե Չինաստանում դա օգտակար համարեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի