Գերմանական Volkswagen AG ավտոարտադրողը, Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային երկրամասը և իսրայելական Rafael Advanced Defense Systems պաշտպանական ընկերությունը մոտ են Օսնաբրյուքի գործարանում ռազմական տեխնիկայի արտադրության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Հոդվածի համաձայն՝ համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա շաբաթներին։ Խոսքը Rafael-ի արտադրած «Երկաթե գմբեթ» (Iron Dome) իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի համար օժանդակ տեխնիկայի արտադրության մասին է, այդ թվում՝ հրթիռների, արձակման կայանների և էլեկտրագեներատորների տեղափոխման համար նախատեսված ծանր բեռնատարների։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ այս ծրագրին դեմ էր Քաթարի ներդրումային հիմնադրամը, որին պատկանում է Volkswagen-ի բաժնետոմսերի ավելի քան 10%-ը և որը վերահսկում է քվեարկող իրավունքների 17%-ը։
Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ Volkswagen-ը Ներքին Սաքսոնիայի Օսնաբրյուքի գործարանի տարածքի մի մասը կփոխանցի երկրամասին, որն այնուհետև Rafael-ի հետ համատեղ ձեռնարկություն կստեղծի, գործակալությանը հայտնել է աղբյուրներից մեկը։ Այդ դեպքում Volkswagen-ը ուղղակիորեն չի համագործակցի իսրայելական պետական պաշտպանական ընկերության հետ։ Հոդվածում նշվում է, որ նման սխեման թույլ կտար շրջանցել Քաթարի ինքնիշխան հիմնադրամի մտահոգությունները։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ գործարքը կարող է օգնել լուծելու Volkswagen-ի վերակառուցման շուրջ բանակցությունների ամենավիճահարույց հարցերից մեկը՝ մինչև սեպտեմբերի 4-ին նախատեսված վերահսկիչ խորհրդի նիստը։
Volkswagen-ի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեն ձգտում է հասնել մի քանի միլիարդ եվրոյի խնայողության։ Ընկերության շահութաբերության վրա ճնշում են գործադրում աշխատուժի բարձր ծախսերը, գործարանների ոչ բավարար ծանրաբեռնվածությունը և չինական արտադրողների կողմից աճող մրցակցությունը։ Միևնույն ժամանակ, աշխատակիցների ազդեցիկ ներկայացուցիչները դեմ են ձեռնարկությունների փակմանը։
Bloomberg-ը գրում է, որ Rafael-ի հետ համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել Volkswagen-ի համար՝ թերբեռնված մյուս գործարանների վերապրոֆիլավորման հարցում։ Բլյումեն հայտարարել է, որ այն վայրերում, որտեղ նոր ավտոմեքենաների արտադրությունն անհնար է, VW-ն կփնտրի գործընկերներ և ներդրողներ, ինչպես նաև ձեռնարկությունների արդյունաբերական օգտագործման նոր ուղղություններ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։