Արդարությունը վերականգնվելու է, Ռոբերտ Քոչարյանը պատվով հաղթահարելու է այս փորձությունը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է նախագահին

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Նախագահի ծննդյան օրն է այսօր։ Առիթ՝ խոսելու մեր ժամանակների ամենից պետականամետ գործիչներից մեկի ունեցած անուրանալի դերի մասին։

Ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին՝ համոզվել եմ, որ նախագահը չի սիրում գովեստի խոսքեր։ Իսկ երբ խոսվում է Արցախում և ՀՀ֊ում իր նախագահության օրոք ահռելի ձեռքբերումների մասին՝ այդ ամենը համեստաբար համարում է իր պարտականությունը, ոչ թե առավելությունը, ինչի հետ, ես ինձ թույլ եմ տալիս այնքան էլ չհամաձայնել։

Աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում արձանագրվեց աննախադեպ տնտեսական աճ, զարկ տրվեց գյուղատնտեսության զարգացմանը, իրականացվեցին մեգանախագծեր, երկիրը ապրեց իսկապես խաղաղ տարիներ։

Հարկ է նշել, որ ինքս լինելով գյուղատնտեսության ոլորտում և զբաղեցնելով ժամանակի առաջատար ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնը՝ ականատեսն եմ եղել այն հսկայական բարեփոխումներին, որոնք իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը:

Արտաքին քաղաքականության կայացման մեջ մեծ դեր ունեցան նախագահի դիվանագիտական հմտությունները, պատասխանատվության բարձր զգացումը, արտաքին գործընկերների մոտ վստահության և հուսալիության ձեռքբերումն ու ամրապնդումը։

Ռոբերտ Քոչարյանը թե՛ Արցախում, թե՛ ՀՀ֊ում ստանձնեց առաջնորդությունը ամենադժվարին օրերին։ Եվ սա պատահական չէր։ Դեռևս Արցախյան ազատամարտի օրերին Ռոբերտ Քոչարյանը դրսևորել էր իր լավագույն հատկությունները՝ անուրանալի ներդրում ունենալով մեր հաղթանակի կերտման մեջ։

Նախագահի գործունեությանը իրապես ծանոթ մարդը երբևէ չի կարող կուլ գնալ այն միֆերին, որոնք գեներացվել են տարիներ շարունակ՝ հստակ նպատակով։

Եվ այսօր նախագահն իր ծննդյան տարեդարձն անցկացնում է անազատության մեջ՝ թշնամու պատվերով և մի մանր ու փոքրոգի մարդու ուղիղ հրահանգով։

Նախագահը ուժեղ է և կամային. բազմիցս է ապացուցել: Վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է, Ռոբերտ Քոչարյանը պատվով հաղթահարելու է այս փորձությունը ևս՝ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելով մեր պետությանը, մեր հայրենիքին:

Ազատությու՛ ն նախագահին, ազատությու՛ ն բոլոր քաղհալածյալներին»։

Leave a comment