Իշխանությունները փորձում են Քոչարյանի գործով կանխակալ հանրայնացում անել․ Արամ Օրբելյան

Բաժանորդագրվել

Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքում որպես Երևանի քաղաքապետի, կառավարության անդամների վերադաս նկարագրված է ՀՀ նախագահը, մինչդեռ Սահմանադրությամբ դա այդպես չէ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործընթացը վաղուց արդեն իրավականից տեղափոխվել է քաղաքական դաշտ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Գործող իշխանություններն այս գործը տարել են քաղաքական դաշտ։ Դրա համար ես տեսնում եմ ընդամենը 1 պատճառ. գոյություն ունի համաշխարհային զարգացումների մեջ, այսպես կոչված, կանխակալ հանրայնացում՝ հասկանալով, որ դատական ատյաններում խնդիրներ են ունենալու, փորձեն հիմա շոկային ինֆորմացիաներ բերել, ինչ-որ բաներ ասել, որ հետո, եթե ինչ-որ բան չստացվի, ասեն՝ «դատավորը մեղավոր էր»,- ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության հիման վրա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս երկրում տեղի ունեցող ամեն ինչից տեղյակ է. ինչ իրականացվել է, իրեն են հարցրել, և ինչ իրականացվել է, իր հանձնարարությամբ է իրականացվել։

Օրբելյանը շեշտեց, որ մեղադրանքում որպես Երևանի քաղաքապետի վերադաս է նկարագրված նախագահը։

«Ասում է՝ իր վերադասի ցանկությունը կատարելու համար քաղաքապետն ինչ-որ բան է արել։ Այնինչ նույնիսկ այն ժամանակ, երբ Երևանը պայմանական մարզի կարգավիճակ ուներ, միևնույն է՝ Երևանի քաղաքապետի վերադասը չի հանդիսացել նախագահը։ Կառավարության անդամները նկարագրված են որպես նախագահի ենթականեր, ուղղակիորեն այդպես գրված է՝ ենթականեր։ Ասում ենք՝ հասկանում ենք, որ այդպես եք ընկալում, և հիմա փորձում եք հենց այդպես կառավարել, որ վարչապետի ենթականերն են բոլորը՝ դատավոր, դատախազ, բայց դա այդպես չէ, որովհետև սահմանադրական մարմինների տարանջատում կա, և նախագահը կառավարությունից տարանջատված է»,- ասաց Արամ Օրբելյանը։

Leave a comment