Քաղաքականություն
31.08.2026 | 11:30
Ռուսական ուժերն օգոստոսի լույս 31-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մեկ X-59 կառավարվող ավիացիոն հրթիռ և 121 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 96-ը։ X-59 հրթիռը չի հասել իր թիրախին, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ-ի ռազմաօդային ուժերը, գրում է Currrent time-ը։
Զապորոժիեում ռուսական անօդաչուն հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ երկու մարդ է վիրավորվել, որոնցից մեկը՝ դեռահաս։
Հարձակման է ենթարկվել նաև Զապորոժիեի մարզի բնակավայրերից մեկում գտնվող հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը։ Հարվածի հետևանքով վնասվել են ստորաբաժանման շենքի տանիքը, պատուհաններն ու դռները, ինչպես նաև հրշեջ մեքենան և մարդատար ավտոմեքենան։ Ստորաբաժանման աշխատակիցները չեն տուժել, հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Պավլոգրադի շրջանում վնասվել է ձեռնարկություն, տուժել է մեկ տղամարդ։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի տվյալներով՝ նա հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։
Բացի այդ, հաղորդվում է, որ ռուսական ուժերը հարված են հասցրել Օդեսայի մարզում «Նովա պոշտա»-ի տերմինալին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այն արդեն մարվել է, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, նշել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի