Կիևը ստանում է ՌԴ տնտեսության խաղաղ հատվածներին հասցված հարվածների պատասխանը. Պեսկով

Բաժանորդագրվել

ՌԴ զինված ուժերը համակարգային հարվածներ են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքներին, դրանց ազդեցությունը տեսանելի է անզեն աչքով, նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Կիևը ստանում է և կշարունակի ստանալ համարժեք պատասխան Ռուսաստանի տնտեսության խաղաղ ոլորտների վրա իր հարձակումներին։ Այս մասին «Վեստի» լրատվական գործակալության համար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեկ շաբաթ առաջ, ի դեպ, ձեզ հետ հարցազրույցում նախագահը հայտարարեց, որ հիմա, երբ Կիևի ռեժիմը սրում է իրավիճակը՝ ռազմական գործողությունները տեղափոխելով տնտեսության խաղաղ ոլորտներ, նրանք ստանում են համարժեք պատասխան։ Դա նույնիսկ ավելին է, քան համարժեք, և ես կասկած չունեմ, որ սա կշարունակվի», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին։

Ինչպես նշել է Կրեմլի խոսնակը, Ռուսաստանի զինված ուժերը համակարգված հարվածներ են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքներին, և դրանց ազդեցությունը տեսանելի է անզեն աչքով։

«Մենք ներկայումս տեսնում ենք բավականին համակարգված հարվածներ։ Հետևանքը ակնհայտ է», – ասել է Պեսկովը։

Նախագահի մամուլի քարտուղարը ընդգծել է, որ Ռուսաստանը հարվածում է միայն Ուկրաինայի ռազմական և կիսառազմական օբյեկտներին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment