Սևանա լճի օրն է. ջրի մակարդակը հունիսին բարձրացել է գրեթե ռեկորդային 18 սմ–ով

Բաժանորդագրվել

Օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik․ Այս տարվա հունիսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ–ով, ինչը պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։

Նա նշել է, որ ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։

«Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի»,- գրել է նա։

Ի դեպ, 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։

Նշենք, որ հուլիսի 7-ին Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով՝ կազմելով 1900.77 մ։ Մինչ այդ էլ հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, ռեկորդային տեմպերով էր բարձրացել` 11 սմ–ով։ Հունիսի առաջին կեսին նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 1993 թվականին։

Հիշեցնենք, որ բարձրլեռնային Սևանա լիճը Կովկասում ամենախոշորն է և մեր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը: Այն ոչ միայն Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, այլև երկրի ջրային ռեսուրսների կարևոր ռազմավարական պաշար։

Leave a comment