Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել երեխային, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ են գրանցել, և այժմ բժիշկները սպասում են սանավիացիայի ժամանմանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն է, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել։
Դեպքի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։