«Եկեղեցին Փաշինյանինը չէ». Amsterdam & Partners միջազգային ընկերությունը դատապարտում է ՀԱԵ-ի դեմ քաղաքական հետապնդումները

Միջազգային հայտնի Amsterdam & Partners իրավաբանական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և Սփյուռքի կառույցներին հրապարակայնորեն ընդդիմանալ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) գործերին ՀՀ իշխանությունների քաղաքական միջամտությանը:

Ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն անցնում են պետական միջամտության թույլատրելի սահմանները և ուղղակիորեն վտանգում են Եկեղեցու անկախությունը: «Եկեղեցին չի պատկանում Նիկոլ Փաշինյանին, այն չի պատկանում նրա կառավարությանը: Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանված լինի»,- ընդգծել է փաստաբանը:

Ամստերդամը խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների նախաձեռնությունները, որոնք վերաբերում են Եկեղեցու «հոգևոր անվտանգության» քննարկումներին, հնարավոր բարեփոխումներին և խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Նրա գնահատմամբ՝ իշխանությունները փորձում են առանձին հոգևորականների դեմ ճնշումներից անցնել Եկեղեցու ներքին կառուցվածքի բռնազավթմանը:

Իրավապաշտպանը հիշեցրել է բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին երկրից հեռանալն արգելելու և նրա հրաժարականի վերաբերյալ Փաշինյանի պահանջների մասին: «Նիկոլ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Հայաստանում չկա ոչ մի ինստիտուտ, որը բարձր է իր անձնական իշխանությունից: Հիմա նա իրեն դասել է խորհրդարանից, Եկեղեցուց և, ըստ ամենայնի, Աստծուց էլ վեր»,- հայտարարել է Ամստերդամը՝ տեղի ունեցողը որակելով որպես անկախ կրոնական ինստիտուտի քաղաքական զավթման փորձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment