Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրում ավարտվել է հնագիտական պեղումների առաջին փուլը։ Պեղումների արդյունքները հաստատել են համալիրի 10-11-րդ դարերում կրկնակի պարիսպներով շրջապատված և ամրոցի վերածված լինելու ենթադրությունը, իսկ հյուսիսային հատվածում ուսումնասիրվել է 12-13-րդ դարերի կրկնահարկ մատուռ-դամբարանը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը հուլիս-օգոստոս ամիսներին պեղումներ է իրականացրել Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցում։
Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։
Արդյունքներով հաստատվել է այն ենթադրությունը, որ Երիցվանքը հավանաբար 10-11-րդ դարերում շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի, իսկ 12-13-րդ դարերում համալիրի հյուսիսային կողմում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարանը։
Աշխատանքներն ավարտվել են, սակայն հնագետների ուսումնասիրությունը դեռ շարունակվում է՝ բացահայտելու հայտնաբերված գտածոների պատմությունը:
Պեղումներին զուգահեռ իրականացվում են մեծ եկեղեցու վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքերը, իսկ փոքր եկեղեցու վերականգնումը կսկսվի շուտով։
Նախատեսվում է նաև պեղումների երկրորդ փուլ»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։