Առաջարկվում է ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա հաղորդումների նկատմամբ կիրառել սանկցիաներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է նոր կարգավորումներ սահմանել, այդ թվում՝ սանկցիաներ կիրառել այն օտարերկրյա հաղորդումների նկատմամբ, որոնք միջամտում են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։
Նախարարը նշեց, որ նախաձեռնության նպատակն է ապահովել Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը, նվազեցնել քաղաքացիներին ուղղված բացասական տեղեկատվության ազդեցությունը, լրացնել ոլորտում առկա իրավական բացերը և ստեղծել հավասար մրցակցային պայմաններ։
Հայրապետյանը հիշեցրեց, որ գործող օրենքը, ընդունված 2020 թվականի հուլիսին, հիմնականում կարգավորում է հանրային մուլտիպլեքսի տիրույթը՝ այն 26 հեռուստաալիքները, որոնք ամբողջ հանրապետությունում ունեն անվճար սփռում։ Մինչդեռ կաբելային հեռուստաալիքները և համացանցային հարթակները մեծ մասամբ դուրս են մնում այդ կարգավորումներից։
«Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ հանրային մուլտիպլեքսի համար գործող նույն կարգավորումները տարածվեն նաև ցանցային օպերատորների՝ կաբելային հեռուստաընկերությունների վրա։
Բացի այդ, նախատեսվում է հատուկ կարգավորում օտարերկրյա տիրույթներում գործող, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվող ալիքների համար։ Եթե նման ալիքներում արձանագրվի ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն, ապա կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, կկարողանա սանկցիա կիրառել ցանցային օպերատորի նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ վարույթ հարուցվելու դեպքում ցանցային օպերատորը պարտավոր կլինի դադարեցնել տվյալ հաղորդման հեռարձակումը մինչև վերջնական որոշման կայացումը։ Չկատարելու դեպքում պատասխանատվության ենթակա կլինի հենց ցանցային օպերատորը։
Նախագծով նաև վերանայվում են տուգանքների չափերը և սահմանվում են լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հիմքերը և դրանց կիրառման մեխանիզմները։
Հայրապետյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները հիմնված են Եվրոպական Միության 2010 թվականից գործող տեսալսողական մեդիայի վերաբերյալ դիրեկտիվների վրա և ներկայացված են հնարավորինս մեղմ ձևաչափով՝ խոսքի ազատության սահմանափակման կամ գրաքննության վերաբերյալ մեկնաբանություններից խուսափելու նպատակով։