Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է

Հասարակություն

28.08.2026 | 22:45

Քրեական ոստիկանության ծառայողները Գավառում հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է երեք անձ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գավառ քաղաքի 59-ամյա բնակիչն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երբ զենք-զինամթերքն ավտոմեքենայով տեղափոխվում էր այլ վայր, ոստիկանները ձերբակալել են 59-ամյա տղամարդու երկու ազգականներին։

Ավտոմեքենայի հետևի նստարանին՝ պարկերի մեջ, հայտնաբերվել են 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։

Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Leave a comment