Դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար․ Զախարովան՝ Փաշինյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ․
«Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն արդեն ավարտվել են։ Կարելի է այլևս ձեր բնակչությանը «լապշա կախելու» փոխարեն համարձակություն ունենալ և գոնե մեկ անգամ ասել ճշմարտությունը՝ ինչպես ամեն ինչ եղել է իրականում։
2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվեց։ Ռուսաստանն աջակցություն էր ցուցաբերում խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։
Այդ ժամանակ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և, ի հեճուկս ձեր ասածի, ՀԱՊԿ-ը օպերատիվ արձագանքեց․ առաքելություն ուղարկվեց հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու համար՝ հենց Հայաստանի տարածքում, ինչպես նախատեսված է կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով։ Դուք անձամբ Երևանում հանդիպեցիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Նա, ըստ ձեզ, պարզապես այցելե՞լ էր Հարավային Կովկասի գեղեցկությունները տեսնելու։ Ո՛չ, դա ՀԱՊԿ-ի առաքելությունն էր՝ կազմակերպության, որը պաշտպանում է անդամ պետությունների տարածքը։
Դուք, սակայն, ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով։
Ավելին՝ 2022 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովը։ Դրան նախորդող շրջանում պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով լուրջ աշխատանք էր տարվել կազմակերպության առաքելության տեղակայման վերաբերյալ որոշման համաձայնեցման ուղղությամբ։ Տեքստը պատրաստ էր, և այն մնում էր միայն պետությունների ղեկավարների կողմից ստորագրել։ Ինչպես հայտնի է, դուք հրաժարվեցիք դա անել։
Որոշումը, մասնավորապես, նախատեսում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված անհապաղ քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ռազմատեխնիկական օգնություն, սահմանապահ զորքերի վերապատրաստմանն ու տեխնիկական միջոցներով ապահովմանը աջակցություն, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական օպերատիվ արձագանքման ուժերի՝ Հայաստանում օպերատիվ տեղակայման պլանի նախապատրաստում։
Եվրոպացի դիտորդներից կարևոր տարբերությունն այն էր, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը լիազորված կլիներ ոչ միայն «հեռադիտակով նայել», այլև անմիջականորեն զեկուցել սահմանին տիրող իրավիճակի մասին և առաջարկել հնարավոր ճգնաժամային իրավիճակների կարգավորման միջոցներ։
Հիշենք նաև այդ աշնան մյուս իրադարձությունները։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ այն սահմանային միջադեպերից երեք շաբաթ անց, որոնց այժմ հղում եք անում, դուք անձամբ՝ ԵՄ-ի վերահսկողության ներքո և, ըստ երևույթին, հավատալով Բրյուսելին ու Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հայտարարությունը, որով ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Դուք բաց տեքստով հայտարարել էիք․ «Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քառակուսի կիլոմետր է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։
Նիկոլ Վովաևիչ, եթե հիմա ցանկություն առաջանա դեսպան կանչելու կամ, ինչպես սիրում եք, հերթական բողոքի նոտան հղելու, երկու անգամ մտածեք։ Որովհետև այդ դեպքում ստիպված կլինեք նշել, թե վերոնշյալից ինչը չի համապատասխանում իրականությանը։ Վերոնշյալը պատմական փաստեր են։
Յուրաքանչյուր պնդում հիմնված է ձեր իսկ խոսքերի և ձեր իսկ որոշումների վրա։
Եվ երբ ձեզ անհարմար հարցեր են տալիս, դադարեցրեք մեղքը ձեզնից հեռացնելու, պատասխանատվությունը ձեզնից վերցնելու և այն բոլոր նրանց վրա բարդելու փորձերը, ում հասնում եք և ովքեր անձամբ ձեզ դուր չեն գալիս՝ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, Հայաստանի նախկին ղեկավարության, Հայ առաքելական եկեղեցու, հայ գործարարների, որոնց դեմ այժմ ակտիվորեն պայքարում եք, Ղարաբաղի հայերի, նրանց նախնիների և երեխաների վրա։
Ձեզ մոտ բոլորը մեղավոր են։ Միայն դուք մեղավոր չեք»։