Ոտքին առկա պրոբացիոն սարքով տղամարդը հարվածներ է հասցրել տնակի պատերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց

Օգոստոսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի «Անի» թաղամասից «Էջմիածին» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Էջմիածին» բժշկական կենտրոն անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

«Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Վահե Հ.-ն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մարմնի ամբողջ հատվածում առկա են եղել քերծվածքներ, իսկ ոտքին՝ պրոբացիայի սարք։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Վահե Հ.-ն, գտնվելով Արմավիրի մարզի Պտղունք գյուղի «Անի» թաղամասում, ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերելով՝ ձեռքերով, ոտքերով և գլխով հարվածներ է հասցրել այնտեղ գտնվող տնակի պատերին, դռանը և բետոնե հենասյանը, ինչի հետևանքով մարմնի տարբեր հատվածներում ստացել է մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը;

Leave a comment