Շվեդիայի, Լեհաստանի, Նիդերլանդների և Իսպանիայի արտգործնախարարները կոչ են արել Եվրամիությանը Ուկրաինայի ֆինանսավորման համար վերանայել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը։ Այս մասին ասվում է չորս երկրի համատեղ նամակում, գրում է DW-ն։
Նամակի հեղինակներն Եվրահանձնաժողովի տեխնիկական փորձագետներին առաջարկում են ԵՄ երկրների հետ համատեղ ուսումնասիրել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման նոր տարբերակներ՝ ի շահ Ուկրաինայի: Ընդ որում, նրանք ընդգծում են, որ ռիսկերը պետք է բաշխվեն Եվրամիության բոլոր անդամների միջև այնպես, որ ոչ մի երկիր անհամաչափ բեռ չկրի:
Այս հարցին վերադառնալու անհրաժեշտությունը չորս երկրները բացատրում են Ուկրաինայի աճող կարիքներով։ Եվրամիության՝ 2026-2027 թվականներին Ուկրաինայի համար համաձայնեցված 90 մլրդ եվրոյի վարկը «կարևոր է, բայց բոլորս հասկանում ենք, որ այն բավարար չի լինի»,- ասվում է նամակում:
Ըստ հեղինակների՝ պատերազմի արժեքը շարունակում է աճել ռուսական չդադարող հարձակումների ֆոնին, և չկան նշաններ, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել իր ագրեսիան: Հետևաբար, նրանց գնահատմամբ՝ Կիևին լրացուցիչ ֆինանսական աջակցություն կպահանջվի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Նրանց կարծիքով՝ ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը թույլ կտա հասնել նրան, որ Ռուսաստանը վճարի Ուկրաինային հասցված վնասի համար, միաժամանակ նվազեցնելով եվրոպացի հարկատուների բեռը: Բացի այդ, նրանք այդ գործիքն անվանում են Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու միջոց։