Ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ. 3 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում, զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալել են գավառցու երկու ազգականներին։

Ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնաբերվել են պարկերով 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։

Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Leave a comment