Քաղաքականություն
28.08.2026 | 18:20
Վրաստանի արևմուտքում Բաղդատիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել, գրում են տեղական լրատվամիջոցները։ Ջուրը հեղեղել է ճանապարհները, բնակելի տների բակերն ու գյուղատնտեսական հողատարածքները ինչպես Բաղդաթի քաղաքում, այնպես էլ հարակից գյուղերում։
Անձրևները վնասել են ճանապարհները։ Դրանք մաքրելու համար մոբիլիզացվել է տեխնիկա։ Բաղդաթիի քաղաքապետարանը թեժ գիծ է բացել տեղատարափ անձրևներից տուժած բնակիչների համար։
Նշվում է, որ Ներգեթի գյուղում սողանք է տեղի ունեցել։ Առանց գազի է մնացել 1300 ընտանիք, իսկ առանց էլեկտրաէներգիայի՝ 700 ընտանիք։ Տեղում աշխատում է ծանր տեխնիկա, իրականացվում են տարածքի մաքրման և վնասի գնահատման աշխատանքներ։
Բացի այդ, Սաիրմե տանող ճանապարհի 3-րդ կիլոմետրում սողանք է տեղի ունեցել, որը փակել է երթևեկելի հատվածը։ Ճանապարհի այդ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։ Տեղում աշխատում է հատուկ տեխնիկա, իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի