Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է.

«Կարդացի ապալեգիտիմ իշխանությունների՝ Հայաստանում ոլորտային նախարարությունները վերանվանելու որոշման մասին և ուզեցի հարցնել․ դե ինչ, վերջապես կարդացի՞ք Ջորջ Օրուելի «1984» վեպը։

Իշխանությունների գործողությունների նմանությունը վեպում նկարագրված տոտալ բռնապետության, վախի և ատելության փիլիսոփայության հետ այնքան ակնհայտ է, որ ակամայից հարց է առաջանում․ նրանք որոշե՞լ են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու այն բանաձևը, որը հանճարեղ Օրուելը նկարագրել է իր անմահ վեպում։

Հիշում եք չէ՞, որ վեպում․

— Խաղաղության նախարարությունը — պատերազմ է վարում։

— Ճշմարտության նախարարությունը — սուտ է տարածում։

— Սիրո նախարարությունը — զբաղվում է խոշտանգումներով և քաղաքական հետապնդումներով ։

— Առատության նախարարությունը — կառավարում է դեֆիցիտը և մարդկանց պահում սոված վիճակում։

Իսկ ուրիշ ինչպե՞ս բացատրել Փաշինյանի իշխանությունների՝ Հայաստանի կառավարության ոլորտային նախարարությունները վերանվանելու այս բացարձակ անիմաստ որոշումը։

— Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

— Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարություն։

— Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Դե ինչ, վստահ եմ, որ այս նախարարությունների գործառույթները լինելու են իրենց առաքելության ճիշտ հակառակը և պարզապես հերթական խաբեությունն ու պրոֆանացիան են լինելու։

Գիտե՞ք՝ ինչու։

Որովհետև բոլոր նորմալ և իսկապես ազատ երկրները տարբեր կերպ են երջանիկ, իսկ ահա բռնապետություններն ու հակաժողովրդական ռեժիմները զզվելիորեն նույնական են։

P.S.

Շատ լավ է, որ նրանց թիմում հայտնվել է մեկը, ով կարդացել է Օրուել։

Շատ վատ է, որ այդ մարդը, կարդալով այդ վեպը, այդպես էլ ոչինչ չի հասկացել»։

Leave a comment