Ի՞նչ է եղել ու լինում զորամասում, երբ զինվորն ինքնասպանություն է գործում
«Զինված ուժերում ոչ մարտական մահերի խնդիրը պետք է դիտարկել ոչ թե առանձին դեպքերի, այլ համակարգային թերությունների համատեքստում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը։
Այդ դեպքերին, ըստ Սաքունցի, սովորաբար նախորդում է մի ամբողջ շղթա։ Նրա համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե մինչև զինծառայողի սպանվելը կամ ինքնասպանություն գործելը ի՞նչ է կատարվում դրանից առաջ։
Նրա խոսքով՝ նման դեպքերին նախորդում են կարգապահական ու կանոնադրական բազմաթիվ խախտումներ, որոնք կամ չեն նկատվում, կամ չեն արձանագրվում, կամ չեն զեկուցվում։ Եվ այստեղ, ըստ նրա, խնդիրը միայն այն չէ, թե ով է խախտել կանոնը․ խնդիր է նաև այն, թե ով չի նկատել, ով չի կանխել և ով չի զեկուցել։
Սաքունցը Պաշտպանության նախարարության վերջին հայտարարություններից մեկը հենց այս տեսանկյունից է դիտարկում, երբ նախարարն արձանագրում է, որ մարտական դիրքերում կամ այլ իրավիճակներում որոշ խնդիրների մասին իրեն չեն զեկուցել։
«Սա ուղղակի ախտորոշում է, որ իրապես խնդիրները ծածկադմփոց են արվում և ոչ թե բարձրաձայնվում»,- ասում է Սաքունցը։ Այսինքն՝ եթե խնդրի մասին չեն հայտնում, այն պարզապես չի անհետանում․ մնում է նույն զորամասում, նույն մարդկանց միջև և կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ։
«Մարդիկ չպետք է վախենան խոսելուց»
Սաքունցի համոզմամբ՝ բանակում պետք է փոխվի խնդրի մասին բարձրաձայնելու մշակույթը։ Զինծառայողը չպետք է մտածի, որ իր տեսած խախտման մասին խոսելը «գործ տալ» է։
«Մարդիկ չպետք է վախենան խոսելուց, դա չպետք է համարվի որպես գործ տալ»,- ասում է նա։
Բայց միայն կոչը բավարար չէ․ պետք է մեխանիզմ, որով զինծառայողը կարող է բարձրաձայնել և վստահ լինել, որ դրա համար չի պատժվելու։
Սաքունցը հիշեցնում է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ստեղծված անանուն ահազանգման էլեկտրոնային մեխանիզմը։ Գաղափարը, ըստ նրա, ճիշտ էր․ զինծառայողը պետք է կարողանար անանուն տեղեկացնել խնդրի մասին դեռ այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին չի հասել»։ Բայց հավելվածը ստեղծելու ճանապարհին առաջացավ շատ պարզ հարց․ եթե զինծառայողը ծառայության ընթացքում չունի բջջային հեռախոս կամ պլանշետ, ինչպե՞ս է օգտվելու այդ հավելվածից։
Մյուս կարևոր խնդիրն, ըստ իրավապաշտպանի, այն է, թե ի՞նչ է տեղի ունենում բողոքից հետո։
Սաքունցի համոզմամբ՝ պետությունը պետք է երաշխավորի, որ զինծառայողը, որը հայտնում է իր կամ ուրիշի իրավունքի խախտման մասին, չի հայտնվի ավելի խոցելի վիճակում։ Սա հատկապես կարևոր է փակ և հիերարխիկ համակարգում, որտեղ հրամանատարի և ենթակայի հարաբերությունները սովորական քաղաքացիական հարաբերություններ չեն։
Սաքունցի խոսքով՝ հրամանատարի պատասխանատվությունը չի ավարտվում նրանով, որ նա անձամբ օրենք կամ կանոնակարգ չի խախտում։ Նա պարտավոր է նաև կանխել ենթակաների միջև խախտումները։ Այստեղ, ըստ նրա, կարևոր է հրամանատարի անձնական օրինակը։ Եթե հրամանատարն ինքն է խախտում կանոնները, նա կորցնում է այն բարոյական հեղինակությունը, որի շնորհիվ կարող է պահանջել նույն կանոնների պահպանումը զինվորներից։
Բայց նույնիսկ օրինապահ հրամանատարը չի կարող սահմանափակվել միայն սեփական վարքով․ նա պետք է տեսնի, լսի և կանխի։ Իսկ դա նշանակում է, որ վերահսկողությունը պետք է լինի շարունակական։
«Զինվորական ծառայությունը շուրջօրյա է, միայն աշխատանքային ժամերով չէ»,- հիշեցնում է Սաքունցը։
Հետևաբար, ստորադաս հրամանատարների աշխատանքը նույնպես պետք է մշտապես վերահսկվի։
Ի՞նչ է լինում զորամասում մահից հետո
Սաքունցը մեկ այլ հարց էլ է բարձրացնում, որի մասին հանրային քննարկումներում ավելի քիչ է խոսվում․ եթե զորամասում զինծառայողը ինքնասպանություն է գործում կամ սպանվում է, ո՞վ է աշխատում նրա հետ ծառայած մյուս զինվորների հետ։ Ի՞նչ ազդեցություն է ունենում դեպքը նրանց հոգեբանության վրա։ Արդյո՞ք հոգեբանը միայն տվյալ զինծառայողի խնդիրն է ուսումնասիրում, թե՞ նաև այն զինվորների վիճակը, որոնք եղել են նրա կողքին։
«Նրանք մարդ են, ռոբոտ չեն»,- ասում է Սաքունցը։
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նույնիսկ այն դեպքերին, երբ զինծառայողներից մեկը ծանր միջադեպի հետևանքով մահանում է, իսկ մյուսները դառնում են այդ դեպքի ականատեսները։ Այդ զինվորների հոգեբանական վիճակը նույնպես պետք է գնահատվի, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց հետ երկարատև աշխատանք տարվի։
Հոգեբանը պետք է լինի դեռ զորակոչից առաջ
Սաքունցի համոզմամբ՝ հոգեբանական աշխատանքը չպետք է սկսվի այն պահին, երբ արդեն խնդիր կա։ Զինծառայողը 18 տարեկանում քաղաքացիական կյանքից հայտնվում է խիստ ռեժիմով և հիերարխիկ հարաբերություններով համակարգում, որտեղ պետք է զենք կրի։ Այդ անցումն ինքնին պահանջում է պատրաստվածություն։ Հետևաբար, հոգեբանական գնահատումը, ըստ նրա, պետք է հնարավորինս վաղ սկսվի՝ դեռ զորակոչից առաջ։ Բայց այստեղ առաջանում է նաև մշակույթի խնդիր։
«Ո՞ր ծնողն է իր երեխային ինչ-որ վարքագծային շեղումների պատճառով տանում հոգեբանի մոտ»,- ասում է Սաքունցը՝ մատնանշելով, որ Հայաստանում հոգեբանական խնդիրների մասին ժամանակին խոսելու մշակույթը դեռ բավարար զարգացած չէ։
Նրա կարծիքով՝ պետությունը պետք է այդ բացը լրացնի մինչև զորակոչը, ոչ թե սպասի, մինչև խնդիրները հայտնաբերվեն բանակում։ Սաքունցի տրամաբանությամբ՝ այստեղ հարցը շատ ավելի լուրջ է, քան պարզապես բժշկական զննությունը։ Եթե զորակոչի պահին չբացահայտված առողջական կամ հոգեբանական խնդիր կա, դրա հետևանքները կարող են արդեն բանակում դրսևորվել։
Իրավապաշտպանը նաև ուշադրություն է հրավիրում զորակոչի հիվանդությունների ցանկի փոփոխությունների վրա։ Նրա խոսքով՝ կան հիվանդություններ, որոնց դեպքում նախկինում քաղաքացին կարող էր չճանաչվել պիտանի, իսկ այժմ կարող է ճանաչվել պիտանի՝ սահմանափակումով։ Սաքունցը օրինակ է բերում հարթաթաթության և հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։
Հարցը, ըստ նրա, միայն բժշկական չէ։ Պատկերացնենք զորամաս, որտեղ զինծառայողների մի մասը լիարժեք կարողություններ ունի, իսկ մյուս մասը՝ տարբեր սահմանափակումներ։
«Դուք պատկերացրեք՝ վաշտի 40 տոկոսը սահմանափակումով է»,- ասում է նա՝ նշելով, որ այդ դեպքում հրամանատարի առաջ էլ բարդ խնդիր է դրվում՝ ինչպես բաշխել առաջադրանքները, որպեսզի դրանք և՛ կատարվեն, և՛ հաշվի առնվեն զինծառայողների սահմանափակումները։
Սաքունցը մատնանշում է նաև մեկ այլ քիչ քննարկվող խնդիր։ Եթե զինծառայողը ծառայության ընթացքում հանցագործության համար դատապարտվել է ազատազրկման, պատիժը կրելուց հետո, եթե ծառայության ժամկետը դեռ չի ավարտվել, նա կարող է վերադառնալ և շարունակել ծառայությունը։ Սաքունցի համոզմամբ՝ սա պետք է լինի առանձին ուշադրության կենտրոնում, որովհետև այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է գնահատվում այդ զինծառայողի վերադարձի նպատակահարմարությունը նույն միջավայր և նույն համակարգ։
Կրթությունից մինչև բանակ․ խնդիրը սկսվում է ավելի վաղ
Սաքունցի համար բանակում տեղի ունեցող դեպքերը միայն բանակի խնդիրը չեն։ Նա անվտանգության հիմքում դնում է կրթությունը, որովհետև բանակ է գալիս արդեն ձևավորված մարդը՝ իր պատկերացումներով, արժեքներով, վարքագծով և կոնֆլիկտներ լուծելու սովորություններով։
«Ցանկացած պետության անվտանգության հիմքը դա կրթական համակարգն է»,- ասում է նա։
Ըստ Սաքունցի՝ զինծառայողը նախևառաջ քաղաքացի է, որը հագնում է զինվորական համազգեստ։ Նա ունի մարդու արժանապատվության, կրթության և այլ իրավունքներ՝ անգամ այն պայմաններում, երբ զինվորական ծառայությունը որոշակի սահմանափակումներ է ենթադրում։ Եվ այստեղ, նրա համոզմամբ, ռազմական կրթությունը պետք է միայն զենք օգտագործելու կամ հրաման կատարելու մասին չլինի․ զինծառայողը պետք է հասկանա նաև, թե ինչի համար է զենքն իր ձեռքում։
«Մեզ խելք պետք չէ ավտոմատի ձգանը ձգելու, կրակելու համար։ Բայց շատ կարևոր է, թե ում վրա ես կրակում՝ թշնամո՞ւ, թե՞ ծառայակցի»,- ասում է Սաքունցը։
Պատժելուց զատ՝ խրախուսել
Սաքունցի կարծիքով՝ բանակի կառավարման մշակույթը երկար ժամանակ հիմնված է եղել պատժի վրա։ Իսկ պետք է հակառակ ուղղությամբ շարժվել․ պատժելը պետք է լինի վերջին միջոցը, իսկ առաջին հերթին պետք է աշխատեն խրախուսման մեխանիզմները։
Լավ ծառայությունը պետք է ունենա տեսանելի և կանխատեսելի խրախուսում։ Նույն կանխատեսելիությունը, ըստ Սաքունցի, պետք է լինի նաև սպայական ծառայության մեջ։ Սպան պետք է իմանա՝ եթե որոշակի պահանջներ կատարի, ինչ ճանապարհով է առաջխաղանալու, ինչ կոչում է ստանալու, ինչ սոցիալական երաշխիքներ ունի և ինչ է սպասվում իրեն 20 կամ 25 տարվա ծառայությունից հետո։
«Ճանապարհային քարտեզը պետք է հստակ լինի»,- ասում է նա։
Սաքունցի խոսքով՝ առանց սպայական կազմի որակական փոփոխության հնարավոր չէ ամբողջությամբ փոխել բանակի ներսում հարաբերությունների մշակույթը։ Պետք է ուժեղացնել վերահսկողությունը, բարձրացնել հրամանատարների պատասխանատվությունը և փոխել զինծառայողի նկատմամբ վերաբերմունքը։
Բայց նա նաև ընդգծում է, որ բանակը շատ պահպանողական համակարգ է։ Միաժամանակ հնարավոր չէ միանգամից փոխել ամեն ինչ, քանի որ գործող բանակը պետք է շարունակի լուծել անվտանգության առկա խնդիրները։ Այսինքն՝ բարեփոխումները պետք է արվեն այն համակարգում, որը միաժամանակ շարունակում է կրել երկրի անվտանգության հիմնական բեռը։
ՄԻԵԴ-ը դեռ չի փակել այս էջը
Սաքունցը հիշեցնում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ վճիռները։ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» և այլ գործերով արձանագրված համակարգային խնդիրների կատարման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։ Սաքունցի խոսքով՝ մինչև այժմ այդ գործերի խմբի վերաբերյալ որոշում չի կայացվել, որ Հայաստանը կատարել է իր պարտավորությունները և համակարգային խնդիրներն ամբողջությամբ լուծված են։ Հենց այդ պատճառով, նրա գնահատմամբ, այսօր տեղի ունեցող յուրաքանչյուր նոր դեպք պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին ողբերգություն, այլև որպես հարց․ ի՞նչը չի աշխատել մինչև այդ ողբերգությունը։
Խոսուն թվերը
2015-ից մինչև 2026 թվականը զինված ուժերում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքերի թիվը, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած տվյալների, կազմել է 120։
2015-ին եղել է 7 դեպք, 2016-ին՝ 19, 2017-ին՝ 13, 2018-ին՝ 12, 2019-ին՝ 11, 2020-ին՝ 10, 2021-ին՝ 10, 2022-ին՝ 8, 2023-ին՝ 9, 2024-ին՝ 11, 2025-ին՝ 2, իսկ 2026-ին՝ արդեն 8։
Նախարարը օրեր առաջ հայտարարեց, որ նման դեպքերը բանակում եղել են միշտ, տարբեր տարիների ընթացքում դրանց թիվը բարձրացել ու նվազել է, իսկ դրանց մի մասը կապված է ոչ կանոնադրային հարաբերությունների և քրեական ենթամշակույթի հետ։
Պապիկյանը սա ներկայացնում է որպես տասնամյակների ընթացքում տատանվող վիճակագրություն և ընդգծում, որ խնդիրը մեկ նախարարի խնդիրը չէ։ Սաքունցը համաձայն է միայն մի մասի հետ՝ սա իսկապես մեկ անձի խնդիրը չէ։ Բայց հենց դրա համար էլ, ըստ նրա, պետք է փոխել համակարգը։
«Ոչ միայն հետաքննել մահվան դեպքը, այլև հասկանալ՝ ինչո՞ւ այն չկանխվեց։ Ոչ միայն պատժել մեղավորին, այլ պարզել՝ ո՞վ չնկատեց նախորդ ազդանշանները։ Ոչ միայն ստեղծել ահազանգման հավելված, այլև ապահովել, որ զինծառայողը կարողանա դրանից օգտվել։ Ոչ միայն ունենալ հոգեբան, այլև հասկանալ՝ ի՞նչ է կատարվում զինծառայողի հետ ծառայության առաջին օրերից մինչև զորացրում։ Ոչ միայն պահանջել կարգապահություն, այլև ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ զինվորը չի վախենում ասել՝ այստեղ խնդիր կա»,- սա է, ըստ Սաքունցի, բանակում ոչ մարտական մահերի կանխարգելման ամենակարևոր հարցը։
«Բայց մինչև դրան պատրաստ լինելը, մինչև փոփոխությունները ես չեմ հաշտվում զոհերի հետ»,- ասում է նա։
Զրուցեց Սոֆի Մկրտչյանը