ԱՄՆ-ը բանակցում է Վենեսուելայի նավթահանքերը մինչև 100 տարի ժամկետով վարձակալելու շուրջ․ Bloomberg

ԱՄՆ-ն  և Վենեսուելան քննարկում են Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի նավթահանքերի խոշոր բաժնեմաս ձեռք բերելու հարցը: Առաջարկներից մեկը ներառում է Միացյալ Նահանգների համար 100-ամյա վարձակալության պայմանագիր: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում The Insider-ը։

Այն մասին, որ ԱՄՆ-ը մոտ է գործարքի կնքմանը, գրում է նաև Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Պարբերականը նշում է, որ խոսքը Վենեսուելայի բոլոր նավթահանքերի վարձակալության մասին չէ, այլ շուրջ մեկ տասնյակի, որոնց նավթի պաշարները կազմում են շուրջ 90 միլիարդ բարել։ Նախկինում դրանք կա՛մ վերահսկվում էին Նիկոլաս Մադուրոյին մոտ կանգնած անձանց կողմից, կա՛մ կապված էին Չինաստանի հետ։

Բոլոր գաղափարները դեռևս քննարկման փուլում են, և գործարքի վերջնական պայմանները կարող են փոփոխվել։

Նման գործարքը կնշանակի ԱՄՆ-ի գրեթե աննախադեպ միջամտություն մեկ այլ երկրի տնտեսության մեջ։ Միաժամանակ, այն համապատասխանում է նախագահ Դոնալդ Թրամփի, այսպես կոչված, «Մոնրոյի դոկտրինին», որը կոչ է անում ընդլայնել ամերիկյան ազդեցությունն Արևմտյան կիսագնդում։

2026 թվականի հունվարին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց ի վեր ԱՄՆ-ն ու Վենեսուելայի նոր իշխանությունները արդեն մի շարք համաձայնագրեր են կնքել, որոնք բացել են Վաշինգտոնի ճանապարհը  դեպի Վենեսուելայի բնական պաշարներ։

Օրինակ՝ մայիսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Վենեսուելայից դուրս է բերել RV-1 հետազոտական ռեակտորում արտադրված ամբողջ հարստացված ուրանը։ Թրամփը նաև հայտարարել էր, որ ճանաչում է երկրի նոր կառավարությանը՝ «ոսկու գործարքի» դիմաց, որը ենթադրում էր համագործակցություն՝ վենեսուելական ոսկու և այլ օգտակար հանածոների վաճառքին նպաստելու նպատակով։

Բացի այդ, երկրում իշխանափոխությունից հետո ԱՄՆ-ը սկսել է վերահսկել վենեսուելական նավթի արտահանումը։

Սկզբում հայտարարվում էր, որ դրա վաճառքից ստացված ամբողջ եկամուտը պատկանելու է Կարակասին, սակայն Թրամփի վարչակազմը տարեսկզբից այդ վաճառքներից ստացել է ավելի քան 13 միլիարդ դոլար, իսկ թե ուր է ուղղվել միջոցների մի մասը, հայտնի չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment