Հարցը միայն այն չէ՝ ինչո՞ւ ինքնասպանություն գործեց այս զինծառայողը․ իրավապաշտպան

Քաղաքականություն

Հարցը միայն այն չէ՝ ինչո՞ւ ինքնասպանություն գործեց այս զինծառայողը․ իրավապաշտպան

Բանակում զինծառայողների մահերի վերջին դեպքերը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին ողբերգություններ, այլև որպես համակարգի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու լուրջ ազդանշան։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ երբ կարճ ժամանակահատվածում բանակում իրար են հաջորդում մահվան դեպքերը, պետությունը պետք է ոչ միայն յուրաքանչյուր դեպքով առանձին քննություն իրականացնի, այլև փորձի հասկանալ՝ ինչու են դրանք կրկնվում, և ինչ է արվում դրանք կանխելու համար։

Հովհաննիսյանի խոսքով՝ 2026 թվականի առաջին ութ ամիսներին բանակում արդեն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 33 զինծառայողի մահ։ Օգոստոսին ընդամենը տասը օրվա ընթացքում արձանագրված երեք ոչ մարտական մահերի մասին խոսելիս նա ընդգծում է, որ եթե յուրաքանչյուր դեպք դիտարկվի միայն որպես մեկուսացված միջադեպ, ընդհանուր պատկերը կարող է դուրս մնալ ուշադրությունից։

Այդ պատկերի մեջ, նրա խոսքով, տարբեր ռիսկեր են կրկնվում՝ զենքի հետ կապված դեպքեր, բռնության և ոչ կանոնադրային հարաբերությունների հնարավոր դրսևորումներ, հրամանատարական վերահսկողության, ծառայության կազմակերպման և անվտանգության խնդիրներ։

«Հարցը միայն այն չէ՝ ինչո՞ւ ինքնասպանություն գործեց այս զինծառայողը։ Պետք է հարցնել՝ ի՞նչ էր անում համակարգը, որպեսզի նա այդ կետին չհասներ»,- ասում է Հովհաննիսյանը։

Նա չի համարում, որ յուրաքանչյուր զինծառայողի մահվան համար անձամբ պատասխանատու է ՀՀ պաշտպանության նախարարը։ Կոնկրետ հանցագործության դեպքում պատասխանատվությունը պետք է որոշվի քննությամբ և դատարանով։ Սակայն պաշտպանության նախարարությունը պատասխանատու է այն համակարգի համար, որտեղ զինծառայողները ծառայություն են անցնում, և հենց այդ մակարդակում է պետք փնտրել նաև կառավարչական պատասխանատվությունը։

«Եթե զինծառայողը մահանում է զորամասում, մենք պետք է հարցնենք՝ արդյո՞ք պատշաճ էր հրամանատարական վերահսկողությունը, պահպանվե՞լ են անվտանգության կանոնները, եղե՞լ են նախանշաններ, որոնք որևէ մեկը պետք է նկատեր, զինծառայողը հնարավորություն ունեցե՞լ է անվտանգ կերպով օգնություն խնդրելու, ահազանգերին պատշաճ արձագանք տրվե՞լ է և, ամենակարևորը, արդյո՞ք այս մահը հնարավոր էր կանխել»,- ասում է նա։

Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե տարիներ շարունակ բանակում կրկնվում են նույնատիպ խնդիրները, միայն վիճակագրություն ներկայացնելը բավարար չէ։ Պաշտպանության համակարգը պետք է ցույց տա՝ ինչ կանխարգելիչ մեխանիզմներ են ներդրվել, ինչպես են դրանք աշխատում և, ամենակարևորը, արդյոք դրանց շնորհիվ հնարավոր է եղել կանխել նոր դեպքերը։

Այս համատեքստում նա կարևորում է նաև հոգեբանների դերը, սակայն զգուշացնում է՝ բանակում մահերի խնդիրը միայն հոգեբանական աջակցության բացակայությամբ բացատրելը սխալ է։

Նորակոչիկների հետ, ըստ նրա, պետք է աշխատեն մասնագիտացված հոգեբաններ, և այդ աշխատանքը չպետք է սահմանափակվի մեկանգամյա զրույցով։ Ծառայության սկզբում անհրաժեշտ է գնահատել զինծառայողի վիճակը, շարունակաբար հետևել հնարավոր ռիսկերին, վաղ հայտնաբերել խնդիրները և անհրաժեշտության դեպքում միջամտել։

Բայց եթե զինծառայողը ենթարկվում է նվաստացման, բռնության, ճնշման կամ ոչ կանոնադրային հարաբերությունների, նրան պարզապես հոգեբանի մոտ ուղարկելը խնդիրը չի լուծի։

«Հոգեբանը պետք է լինի համակարգի կարևոր բաղադրիչ, բայց ոչ համակարգի փոխարինողը»,- ասում է Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ՝ այստեղ նույնքան կարևոր է հրամանատարական վերահսկողությունը։ Զինծառայողը ամեն օր գտնվում է զորամասի միջավայրում, շփվում է հրամանատարների և ծառայակիցների հետ, և եթե այդ միջավայրում ձևավորվում է վախի, բռնության, նվաստացման կամ անպատժելիության մթնոլորտ, հոգեբանը միայնակ չի կարող այն փոխել։

Հետևաբար պետք է ոչ թե սպասել, մինչև զինծառայողը հասնի ճգնաժամային վիճակի, այլ ավելի վաղ նկատել խնդիրները՝ հասկանալ, թե ինչ հարաբերություններ են ձևավորվում զորամասում, կան արդյոք բողոքներ կամ բռնության նշաններ, մեկուսացե՞լ է արդյոք որևէ զինծառայող, և արդյոք այդ ամենը տեսնում ու գնահատում է հրամանատարությունը։

Այսինքն, ըստ նրա, պետք է անցնել «մահից հետո քննություն» տրամաբանությունից դեպի «մահը կանխելու համակարգ»։

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը զգուշացնում է՝ մահերի թվի նվազումը ինքնին դեռ չի նշանակում, որ բանակում համակարգը դարձել է անվտանգ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ օրերս ներկայացրած տվյալներում հատկապես առանձնանում է 2025 թվականը՝ 2024 թվականի 11 դեպքից հետո ցուցանիշը նվազել է մինչև 2-ի, իսկ այս տարի կրկին աճել է՝ չնայած այն հանգամանքին, որ 2026 թվականը դեռ չի ավարտվել։

Հովհաննիսյանի կարծիքով՝ այս թվերը պետք է ոչ միայն հրապարակել, այլև վերլուծել։ Պետք է հասկանալ՝ ինչ դեպքեր են ներառված վիճակագրության մեջ, ինչով է պայմանավորված տարիների տարբերությունը և արդյոք առկա է իրական ու կայուն նվազման միտում։

Ի վերջո, ըստ Հովհաննիսյանի, պետության պատասխանատվությունը չպետք է սկսվի միայն մահվանից հետո։ Այն պետք է գործի շատ ավելի վաղ՝ երբ դեռ հնարավոր է նկատել վտանգը, լսել զինծառայողին, արձագանքել ահազանգին և կանխել ողբերգությունը։

«Պետության պարտավորությունն է ժամանակին նկատել վտանգը, արձագանքել ահազանգին և պատասխանատվության ենթարկել ոչ միայն մահվանից հետո, այլ կանխարգելման փուլում»,- եզրափակեց նա։

Leave a comment