Պահանջված մասնագիտություններն էապես չեն փոփոխվում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով 2026 թվականի ընդունելության քննությունների արդյունքներին և պահանջված մասնագիտությունների՝ այս տարվա ցանկին:
«Շարունակաբար ամենամրցակցային ընդունելություն ունեցող մասնագիտությունը բժշկությունն է: Շարունակում է ավելի բարձր ցուցանիշներ գրանցել իրավագիտության, տնտեսագիտության ոլորտների ընդունելությունը, նկատի ունեմ մրցակցայնությունը, թե մի տեղի համար քանի հոգի է դիմում»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ պետության քաղաքականությունն ուղղված է նրան, որ ավելի շատ տեղեր հատկացվեն ԲՏՃՄ ուղղություններին: Պետական փոխհատուցմամբ տեղերի 60,1 տոկոսը հատկացված է հենց ԲՏՃՄ ոլորտին: Այս տարի ևս 131 դիմորդ ընդունվել է այն 7 մասնագիտություններով, որոնց մասով ընդունվելու դեպքում ուսանողները ստանում են տարկետման իրավունք: