Միջադեպ՝ Բաղրամյան պողոտայում․ քաղաքացիներն արգելել են գիշերը ասֆալտի քանդման աշխատանքներ իրականացնել

Երևանում շարունակվում են փողոցների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները։

Քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգումն, իհարկե, անհրաժեշտ է, սակայն խնդիր է առաջանում, երբ շինարարական աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին՝ բնակելի շենքերի հարևանությամբ և խաթարում քաղաքացիների հանգիստը։

 

Երեկ՝ գիշերը ժամը 01։30-ի սահմաններում, Վիկտոր Համբարձումյան փողոցի բնակիչները դուրս են եկել փողոց և փորձել դադարեցնել ծանր տեխնիկայի աշխատանքը։ Բնակիչներից մեկի խոսքով՝ խնդիրը ոչ թե փողոցի վերանորոգումն է, այլ աշխատանքների կատարման համար ընտրված ժամը։ 

«Այս փողոցը միակողմանի է և ծանրաբեռնված չէ։ Այնպես չէ, որ եթե փողոցը փակեն ու ցերեկային ժամերին աշխատեն, Բաղրամյան պողոտան կծանրաբեռնվի։ Մենք առաջարկեցինք, որ քանդման աշխատանքներն իրականացնեն ցերեկային ժամերին։ Չենք կարողանում քնել»,- նշեց Համբարձումյան փողոցի բնակիչը։

Նրա խոսքով՝ հատկապես հին ասֆալտի քանդման և հորատման աշխատանքների ժամանակ առաջացող բարձր աղմուկը գիշերային ժամերին անընդունելի է։

 

Կապալառու ընկերության պատասխանատուն բնակիչներին հայտնել է, որ գիշերային ժամերին աշխատանքներ իրականացնելու հանձնարարությունը ստացել են քաղաքապետարանից և իրենք պարտավոր են այն կատարել։

Մինչդեռ, ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի, գիշերային ժամանակ՝ 23։00-ից մինչև 07։00-ն, լռությունը խախտելը, այդ թվում՝ աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, համարվում է վարչական իրավախախտում։

 

Հենց այս հանգամանքն էլ մատնանշեցին բնակիչները՝ պնդելով, որ տվյալ աշխատանքները չեն կրում անհետաձգելի բնույթ և կարող են իրականացվել ցերեկային ժամերին։

 

Վեճին միջամտել են ոստիկանության ծառայողները, այնուհետև՝ քաղաքապետարանի շինարարության ոլորտի պատասխանատուն։ Երկարատև քննարկումից հետո գիշերային աշխատանքները դադարեցվել են։


 

Բնակիչները նշում են, որ դեմ չեն իրենց փողոցի բարեկարգմանը և նույնիսկ ողջունում են այն, սակայն կարծում են, որ քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը չպետք է իրականացվի քաղաքացիների գիշերային հանգստի հաշվին։ «Այս առումով կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին վերանայել բնակելի հատվածներում գիշերային ժամերին ծանր տեխնիկայի կիրառմամբ շինարարական աշխատանքների կազմակերպման պրակտիկան և հնարավորության դեպքում դրանք իրականացնել ցերեկային ժամերին»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

Leave a comment