Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես ՀՀ-ում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից․ իրեն «Աստծուց վեր» է դասում․ Ամստերդամ

Չունենալով իրավական որևէ օրինական հիմք՝ Հայաստանի ավելի ու ավելի ավտորիտար դարձող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չկարողացավ ստանալ նույնիսկ քվեների կեսը, որոշել է, որ իր կառավարությունը պետք է որոշի Հայ Առաքելական Եկեղեցու ապագա ղեկավարությանն ու ուղղությունը՝ անտեսելով կրոնական ազատության միջազգային չափանիշները, այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Դիմակայությունն այժմ հասել է արտասովոր նոր փուլի։ Փաշինյանի կառավարությունն իր քաղաքական օրակարգում է ներառել Հայաստանի, այսպես կոչված, «հոգևոր անվտանգությունն» ու Եկեղեցու բարեփոխումները՝ առաջարկելով խորհրդարանական քննություն սկսել Եկեղեցում առկա «խոր համակարգային ճգնաժամի» վերաբերյալ, որին կարող են հաջորդել օրենսդրական փոփոխություններ։

Սա տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու վրա ամիսներ շարունակվող ճնշումների ֆոնին։ Ձերբակալվել ու քրեական հետապնդման են ենթարկվել բարձրաստիճան հոգևորականներ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կանգնեցվել է դատարանի առջև, իսկ Փաշինյանը բազմիցս պահանջել է նրա հեռացումը։

Այժմ կառավարությունը փորձում է առանձին հոգևորականների վրա հարձակվելուց անցնել բուն Եկեղեցու վերափոխմանը։

Հայ Առաքելական Եկեղեցին գոյություն ունեցող հնագույն քրիստոնեական հաստատություններից է։ Այն դիմակայել է դարեր տևած օտար տիրապետությանը, հալածանքներին, Ցեղասպանությանն ու խորհրդային բռնաճնշումներին՝ պահպանելով հայոց հավատքն ու ինքնությունը նույնիսկ այն շրջաններում, երբ անկախ հայկական պետություն գոյություն չուներ։ Նրա ղեկավարությունը որոշվում է սեփական եկեղեցական կառույցների ու ավանդույթների համաձայն, այլ ոչ թե Երևանում տվյալ պահին իշխող կառավարության քաղաքական նախասիրություններով։

Գերագույն հոգևոր խորհուրդն այս շաբաթ մերժեց կառավարության հերթական միջամտությունը՝ հայտարարելով, որ «Ազգային ժողովը պատշաճ հարթակ չէ եկեղեցական ներքին հարցեր քննարկելու համար», և որ Եկեղեցու բարեփոխումները «չեն կարող իրականացվել արտաքին ճնշումների, սպառնալիքների կամ որևէ այլ կամայականության ներքո»։

«Amsterdam & Partners LLP»-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը նշում է․

«Նիկոլ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Հայաստանում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից։ Այժմ նա իրեն դասել է Խորհրդարանից վեր, Եկեղեցուց վեր և, ըստ ամենայնի, Աստծուց վեր։

Մոտ երկու հազար տարի Հայ Առաքելական Եկեղեցին դիմակայել է կայսրերին, բռնապետերին, հալածանքներին ու ցեղասպանությանը։ Այժմ վարչապետը կարծում է, թե ինքը կարող է որոշել, թե ով պետք է ղեկավարի այն, ինչպես պետք է ինքնակառավարվի և ինչպես հայերը պետք է ընկալեն իրենց Եկեղեցին։

Սա բարեփոխում չէ։ Սա անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ է։

Միջազգային համայնքի լռությունն արդեն անհնար է արդարացնել։ Եթե որևէ կառավարություն փորձեր որոշել հնագույն կրոնական հաստատության ղեկավարությունն ու ներքին կառավարումը Եվրոպայի մեկ այլ վայրում, դա արդարացիորեն մեծ վրդովմունք կառաջացներ։

Եկեղեցին չի պատկանում Նիկոլ Փաշինյանին։ Այն չի պատկանում նրա կառավարությանը։ Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանվի»։

«Amsterdam & Partners»-ը կոչ է անում աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և սփյուռքահայ համայնքներին՝ հրապարակավ հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ և պաշտպանել առանց պետական պարտադրանքի սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը որոշելու նրա իրավունքը»,- ասվում է հայտարարությունում։

Leave a comment